Պալմերսթոն մականվամբ կատուն հեռանում է Բրիտանիայի ԱԳՆ գլխավոր մուկ որսացողի պաշտոնից
Օգոստոսի վերջում Պալմերսթոն մականվամբ կատուն հեռանում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության գլխավոր մուկ որսացողի պաշտոնից, հաղորդում է Reuters-ը։
Անտուն կատուների եւ շների համար Լոնդոնի Բաթերսի շրջանում կացարանի նախկին բնակիչը՝ Պալմերսթոն մականվամբ կատուն, վերջին 4.5 տարվա ընթացքում ծառայել է բրիտանական Ֆորին-օֆիսում մկների գլխավոր որսացողի պաշտոնում։
Ուրբաթ հայտնի էր դարձել, որ կատուն թոշակի է անցնում եւ տեղափոխվում է գյուղական համայնք բնակության։ Փոխնախարար Սայմոն Մաքդոնալդսի անունով դիմումը կատուն կնքել է երկու թաթերի հետքով։ Նա գրել է, որ հոգնել է հանրաճանաչ լինելուց, իսկ կորոնավիրուսի համաճարակը ստիպել է նրան աշխատել հեռավար։ Այդ ռեժիմը թույլ չի տալիս նրան մկներ որսալ, սակայն նրան հաջողվել է ազդել անհանգիստ կրծողների վրա բանակցությունների միջոցով։ Բայց նա կկարոտի իր գործընկերներին եւ օտարերկրյա դիվանագետներին։
Պալմերսթոնը վիճում էր Լարիի հետ, որը Դաունինգ սթրիթում էր մկներ որսում։ Սակայն այդ հանգամանքը չի ազդել նրա հրաժարականի վրա։ Լարին դեռեւս շարունակում է մնալ իր պաշտոնում։