Տոնի Կրոս․ Վարանը հրաշալի մրցաշրջան է անցկացրել, ոչ մի մեղադրանք նրա հասցեին չկա
Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» կրած 1։2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ Արքայական թիմը Մանչեսթերում երկու գոլն էլ բաց թողեց ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի կոպիտ սխալներից հետո։
«Մենք այնքան էլ լավ չխաղացինք առաջին խաղակեսում եւ մրցակցին օգնեցինք գոլ խփել։ Իհարկե, դրանից հետո բարդ էր բեկել հանդիպման ընթացքը։
Վարանը հրաշալի մրցաշրջան է անցկացրել, ոչ մի մեղադրանք նրա հասցեին չկա։
Մենք ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները։ Հիմա հիասթափված եմ եւ պարզապես ցանկանում եմ հանգստանալ։ Հավանաբար, չեմ հետեւի Չեմպիոնների լիգայի մնացած հանդիպումներին»,- 30-ամյա Կրոսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Մադրիդում «Ռեալը» «Մանչեսթեր Սիթիին» նույնպես պարտվել էր 1։2 հաշվով։