Վարդան Բիչախչյան․ Ամեն ինչի գնահատականը կտա ժամանակը
Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։ 42-ամյա մասնագետը խոսել է ընթացիկ աշխատանքների, իր տպավորությունների ու մրցաշրջանից ակնկալիքների մասին:
Պարոն Բիչախչյան, բարի գալուստ «Արարատ»: Ի՞նչ մտքերով եք եկել այս ակումբ և ի՞նչ եք պատրատվում տալ թիմին:
Մտքերը միայն դրական են: Եկել ենք, որպեսզի կարողանանք լավ աշխատանք կատարել: Հիմա չեմ փորձի շատ խոսել: Իմ կարծիքով, ճիշտն աշխատելն է: Մենք կաշխատենք և ամեն ինչի գնահատականը կտա ժամանակը:
Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստական փուլը: Թիմի ֆուտբոլիստների մեծ մասին լավ ճանաչում եք։ Որքանո՞վ է այդ գործոնն օգնում աշխատանքին:
Նախապատրաստական փուլը սկսեցինք ուսումնամարզական հավաքով, որն անցկացվեց Գյումրիում: 10 օր տևողությամբ հավաք էր, որն ավարտեցինք «Շիրակի» հետ ընկերական խաղով: Այժմ մարզումները կազմակերպվում են Ձորաղբյուրի բազայում, նաև օգտվում ենք Ավանի ակադեմիայից: Վաղը ստուգողական հանդիպում կանցկացնենք «Գանձասար-Կապանի» հետ և դրանից հետո մեկ շաբաթ կմնա առաջնության առաջին խաղին պատրաստվելու համար:
Ամեն ինչ ընթանում է իր հունով և տղաներն օր-օրի բարելավում են իրենց ֆունկցիոնալ վիճակը: Մենք ի սկզբանե ունեինք ժամանակի խնդիր՝ կապված համագործակցության և միմյանց լավ ճանաչելու հետ: Այս ամենը կլրացնենք ժամանակի ընթացքում: Բայց ճիշտ նկատեցիք, կան տղաներ, ովքեր իմ գլխավորությամբ հանդես են եկել «Շիրակում», միացել է Արտակ Եդիգարյանը, Քրիստիան Խիմենեսն ու Խուան Բրավոն «Լոռիից», «Արարատում» են մնացել Դավիթ Խուրցիձեն, Ալեքսանդր Կոզլովը, Զավեն Բադոյանը, Իվան Սպիչկան, Ռազմիկ Հակոբյանը, Պողոս Այվազյանը և մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ:
Իմ կարծիքով վատ թիմ չէ հավաքված, բայց ունենք խաղային դիրքեր, որոնք պետք է ուժեղացնենք: Այս պահին փորձում ենք ևս մեկ դարպասապահի հարց լուծել, քանի որ ցանկանում ենք, որ մրցակցությունն ավելի մեծ լինի այդ դիրքում: Նաև շատ կարևոր է, որ կարողանանք կազմը համալրել որակյալ հարձակվողով:
Սա Ձեր առաջին փորձն է «Շիրակից» բացի այլ ակումբում: Ինչպիսի՞ տարբերություններ կան աշխատանքի կազմակերպման հետ կապված:
Բնականաբար, տարբերություններ պետք է լինեն: Ամեն դեպքում, շատ խորթ չէ: Եկել ենք և առաջին օրից մտել ենք աշխատանքային պրոցեսի մեջ: Ոչ մի արտառոց բան չկա: Ցանկացած մարզչի համար էլ նոր թիմում մեկնարկում դժվարություններ լինում են:
Փոքրիկ խնդիրներ են առաջ գալիս, որոնք փորձում ենք արագորեն հաղթահարել: Մոտ երկու շաբաթից կարծում եմ իդեալական պատկեր կունենանք և կկարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր աշխատանքի վրա:
Ըստ Ձեզ որքան ժամանակ կպահանջվի Ձեր մտահղացումներն ու փիլիսոփայությունը թիմին հաղորդելու համար:
Ընդհանրապես չեմ սիրում խոսել ժամանակի մասին: Պարզ է, որ այս պահին մենք փորձելու ենք լավ սկսել առաջնությունը։ Հետևաբար, մեր խնդիրները փորձելու ենք լուծել առաջնության ընթացքում, քանի որ բավական ժամանակ չունեինք նախապատրաստվելու համար:
Կոնկրետ ժամանակ չեմ կարող նշել, սակայն մինչև դեկտեմբեր արդեն կունենանք ձևավորված պատկեր և կկարողանանք խոսել այս մասին։
Նախորդ տարի «Արարատն» այն թիմերից էր, որը շատ էր քննադատվում սակավաթիվ հայ ֆուտբոլիստների համար: Այս մրցաշրջանում կարո՞ղ ենք արդեն նախանշել, թե ինչպիսին է լինելու պատկերը:
Իմ կարծիքով, հարաբերակցությունը կլինի հիսունը հիսունի, քանի որ բավական շատ են հայ ֆուտբոլիստները՝ դարպասապահ Պողոս Այվազյանը, պաշտպանությունում Հրայր Մկոյանը, Վահե Մուրադյանը, Ժիրայր Մարգարյանը, հենակետային գոտում՝ Կարեն Մուրադյանը, Դավիթ Մանոյանը, եզրերում Էդգար Մալաքյանը, Զավեն Բադոյանը և Ռազմիկ Հակոբյանը, չորս-հինգ խաղացող մեզ միացել են երկրորդ թիմից:
Բնականաբար, հայ ֆուտբոլիստների քանակի հետ կապված խնդիր մենք չունենք: Պարզ է, որ այն լեգեոներները, ովքեր չեն համապատասխանի և չեն կարողանա ռեալ օգուտ տալ, թիմում չեն լինի:
«Արարատն» ավանդաբար ունի մեծ թվով երկրպագուներ: Որքանո՞վ եք կարևորում նրանց դերը և կապը նրանց հետ:
Ինչպես գիտեք, «Շիրակը» նույնպես երկրպագուների մեծ բանակ ունի: Մենք միշտ կարևորել ենք երկրպագուի գործոնը, պատասխանատվություն ենք կրել քաղաքի, երկրպագուների և ավանդույթների հանդեպ: Նույնը լինելու է նաև այստեղ: Մեր մարզչական շտաբով շատ լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար:
Միգուցե շատ դժվար է թվում, բայց փորձելու ենք հաղթահարել այդ դժվարությունը, իսկ թե ինչ կստացվի, ցույց կտա ժամանակը: Բայց ամեն դեպքում, մեր երկրպագուները թող հանգիստ լինեն: Հաստատ եկել ենք այս ակումբ օգուտ տալու համար: Կարծում եմ՝ շատ պահեր կունենանք «Արարատի» երկրպագուներին ուրախացնելու համար: