Ամուլսարի տարածքից «Լիդիանի» վագոն-տնակները տեղափոխվեցին ( Տեսանյութ)
Ամուլսարի տարածքից այսօր՝ օգոստոսի 7-ին, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տեղադրված վագոն-տնակները վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվեց։
Նշենք, որ հատուկջոկատայինները պատ են կազմել պահնորդական ծառայության անդամների առջեւ եւ թույլ չեն տալիս նրանց առաջ գնալ։
Հիշեցնենք, որ ըստ չափագրումների որոշվել էր՝ վագոն-տնակը տեղադրված տարածքից հեռացնել մոտ 10 մետր, սակայն պարզվեց, որ 10 մետր հեռացնելու դեպքում վագոն-տնակը հայտնվելու է բարձրավոլտ լեկտրալարերի տակ, որն օրենքով չի թույլատրվում։ Լրագրողների հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտնել էր, որ վագոն-տնակը տեղափոխելու են «Լիդիան» ընկերության սեփականություն հանդիսացող տարածք, թե քանի մետրով կհեռացվի տարածքից՝ քաղաքապետը դժվարացել է պատասխանել։
Այս պահին 3 օր բողոքի ակցիա իրականացնողները հետեւում են գործընթացին։
Հիշեցնենք, որ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, վաղը կգան համապատասխան մասնագետներ եւ կտեղափոխեն համապատասխան տարածք։
Ջերմուկի քաղաքապետը լրագրողներին ասել էր նաեւ, որ վաղը հնարավոր է ոչ միայն «Լիդիան» ընկերության վագոն-տնակների հեռացումը, այլ նաեւ Ամուլսարի պահապանների վագոն-տնակների հեռացումը։
Հիշեցնենք, որ երեք օր բողոքի ակցիաներ էին ընթանում, ցուցարարները կրկին փակել էին Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Նրանք երեք պահանջ են ներկայացնում. առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խմբի դուրս հանումը Ամուլսարի տարածքից եւ Կառավարության կողմից հստակ որոշում՝ Ամուլսարի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել է իրենցը:
Նշենք, որ նախորդ 2 օրերին Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձել են տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստի առթիվ։
Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։
Աղբյուրը՝ News.am