Թուրքիայի քրիստոնյաների համար Սուրբ Սոֆիայի տաճարի հարցով որոշումը ևս մեկ հարված դարձավ
Թուրքիայի քրիստոնյաների համար Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը եւս մեկ հարված դարձավ, գրում է Politico-ն:
Այդ քայլն անսպասելի չէր Ստամբուլում հունարենով տպագրվող միակ թերթի՝ Apoyevmatini-ի սեփականատեր Մինաս Վասիլիադիսի համար: «Սուրբ Սոֆիայի խնդիրը նոր չէ»,-նշել է նա:
Թուրքիայի քրիստոնյաները զգուշավորություն են ցուցաբերում եւ քիչ են խոսում այդ մասին: Օրինակ, Ստամբուլի հայ պատրիարքը հունիսին աջակցել է Սուրբ Սոֆիայի տաճարում պատարագների վերսկսումը, չնայած նա առաջարկել է աղոթքի համար տեղ տրամադրել ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մուսուլմաններին:
Վասիլիադիսը եւս մանրակրկիտ ընտրել է բառերը. «Կան մարդիկ, ովքեր ծափահարում են այդ որոշմանը: Որոշումը քաղաքում ապրող քրիստոնյաներին ստիպում է ուշադիր լինել, թե ինչ են իրենք ասում, քանի որ իրենց կարող են սխալ հասկանալ»:
Որոշումից առաջ պատրիարք Վարֆոլոմեյը զգուշացրել է, որ շատ քրիստոնյաների իսլամի դեմ կտրամադրի:
Սակայն Թուրքիայում քրիստոնյաները մտավախություն ունեն, որ հակառակը տեղի կունենա:
«Իսլամիստական եւ ազգայնական մթնոլորտը Թուրքիայի քրիստոնյաների կյանքն անհարմարավետ է դարձնում: Տաճարը մզկիթի վերածելու որոշումը լարվածություն կառաջացնի »,-ասել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:
Նրա խոսքով՝ այդ որոշումը Թուրքիայի պահպանողական կառավարության կողմից վերջին ազգայնական քայլն էր:
1914 թվականին քրիստոնյաները կազմել են ժամանակակից Թուրքիայի բնակչության մոտ 20 տոկոսը, սակայն 20-րդ դարի առաջին կեսին տեղի են ունեցել զանգվածային սպանություններ, ջարդ, ներառյալ՝ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը, ինչի հետեւանքով զոհվեց 1,5 մլն հայ՝ հիշեցնում է Politico-ն:
Այսօր համարվում է, որ երկրում կա մոտ 100 000 քրիստոնյա, այդ թվում ուղղափառ հույներ, հայեր եւ ասորիներ:
«Կարծում եմ, որ միակը, ով համաձայն չէ այդ որոշման հետ, ուղղափառ համայնքն է, քրիստոնյաները հատուկ ուշադրություն չեն դարձնում այդ հարցին եւ դա համարում են Թուրքիայի ներքին խնդիրը: Անհնար է ստիպել բոլորին գոհ լինել որոշումից»,-ասել է ակտիվիստ Էմրե Չելիկը, ով կազմակերպել է ի աջակցություն տաճարը մզկիթի վերածելու ակցիան:
Դանզիկյանը համաձայն չէ նրա հետ. «Սուրբ Սոֆիայի տաճարում ես միշտ համաշխարհային ժառանգություն եմ տեսել: Ես միշտ մտածել եմ, որ այն պատկանում է աշխարհին: Ցավալի է, որ մենք կորցրեցինք այդ համաշխարհային ժառանգությունը»: