Գվարդիոլա․ Բարդ է կանխատեսել Զիդանի մարտավարությունը
Բարդ է կանխատեսել Զինեդին Զիդանի մարտավարությունը, ասել է Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։
«Երբ մտածում ես, որ գիտես, թե ինչ է անելու Զիդանը, նա կիրառում է այլ մարտավարություն։ Մենք դիտել ենք Պրիմերայի վերսկսումից հետո «Ռեալի» բոլոր հանդիպումները, քննարկել ենք, թե ինչ կարող է լինել, բայց ավելի շատ կենտրոնացած ենք մեր մարտավարության վրա։
Ես միշտ կմնամ «Բարսելոնայի» երկրպագու, ում դեմ էլ խաղամ։ Կատալոնական ակումբն է ձեւավորել իմ անձը։ Սակայն «Բարսելոնայի» դեմ խաղալիս, ես կձգտեմ հաղթել հանուն մեր խաղացողների եւ ակումբի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին։ Առաջին խաղում անգլիական ակումբը Մադրիդում հաղթել է 2։1 հաշվով։