Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին
Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Ցնցված եմ ու խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտության լուրից,- մասնավորապես նշված է նախագահի նամակում:- Բեյրութն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտակարգ իրավիճակի, կհաղթահարվի նաեւ այս մեկ փորձությունը:
Հայ ազգային կառույցների համախմբումն ու միակամ գործողությունները նույնպես զորեղ աջակցություն կլինեն մարդկային ու պետական այս ճգնաժամը հաղթահարելու համար»:
Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին, Մայրավանքի հոգեւոր դասի բոլոր ներկայացուցիչներին, ազգային ու եկեղեցական գործիչներին, բոլոր լիբանանահայերին:
Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը եւ լիբանանահայության հետ կապված խնդիրներն այսօր քննարկել է նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում: