«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ։
Այդ մասին հիմնադրամը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է.
«Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու եւ գոյատեւման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի։ Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատեւ ճգնաժամն ու համաճարակի հետեւանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե' Հայրենիքին, թե' սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։
Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախորդ տարվա տնտեսական ճգնաժամի ժամանակ ամուր կանգնեց Լիբանանում գործող հայկական կրթամշակութային օջախների կողքին՝ ցուցաբերելով շարունակական աջակցություն:
Բեյրութի աղետաբեր պայթունի հետեւանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք:
Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարեւոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակով, ինչպես նաեւ փոխանցումներ կատարել ներքոնշյալ հաշվեհամարներին:
Հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին»։