Մակրոնը խոստացել է աջակցություն ցուցաբերել Լիբանանի համար օգնությունը կազմակերպելու հարցում
Հինգշաբթի օրը Բեյրութ ժամանելուն պես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել շտապ օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ հրեշավոր պայթյունի հետեւանքները հաղթահարելու համար, հայտնում է Reuters-ը:
Նա խոստացել է աջակցություն ցուցաբերել Լիբանանում միջազգային օգնության կազմակերպման գործում՝ միաժամանակ նշելով, որ Լիբանանի կառավարությունը պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնի եւ կոռուպցիայի դեմ պայքար ձեռնարկի:
«Եթե այդ բարեփոխումները չիրականացվեն, Լիբանանը կշարունակի տառապել»,-ասել է Մակրոնը՝ Բեյրութի օդանավակայանում նախագահ Միշել Աունի հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Լիբանանի փրկարարները շարունակում են շենքերի փլատակների տակ մարդկանց որոնումները: RTE-ն հայտնում է, որ մոտ 5000 մարդ վնասվածքներ է ստացել, մոտ 250 000 մարդ անօթեւան է մնացել։
Զոհերի թիվը հավանաբար կավելանա։ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որը բռնագրավումից հետո վեց տարի պահվել է նավահանգստի պահեստում: