Լիբանանում ապոկալիպտիկ, դժոխային վիճակ է, բայց մենք կհաղթահարենք համահայկական ուժերով. Հակոբ Բագրատունի

Ինչպիսի՞ն է հիմա իրավիճակը Բեյրութում, որքանո՞վ է տուժել Հայաստանի դեսպանությունը, ընդհանրապես, ինչքա՞ն հայեր են տուժել հզոր պայթյունից, այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ:
– Դժբախտաբար, տեղի ունեցած աղետն իր տարողությամբ Լիբանանի պատերազմի օրերին համարժեք աղետ է, որը համազոր է Ռիխտերի սանդղակով 4,5 բալ ուժգնության երկրաշարժի: Ցավոք, պետք է ասեմ, որ Բեյրութի արվարձաններում, որտեղ մեծ թվով հայ բնակիչներ ունենք, ահռելի կերպով վնասվել են: Այս պահի դրությամբ ունենք 250 վիրավոր, 11 նահատակ: Մեր բոլոր կրթական, եկեղեցական, բարեսիրական, կուսակցական, մարզական, մշակութային միությունների կառույցները մեծ վնասներ են կրել: Հայերի բնակարանները ահռելի կերպով քանդված են, այն աստիճան, որ տնազուրկ հայեր կան, որոնց պարտավոր ենք ապահովել կեցությամբ: Մեծ վնասներ ունենք Բուրջ Համուդի շրջանի և Բեյրութի թաղամասերում՝ նյութական իմաստով: Լիբանանի հայությունը մեծ դժվարությունների մեջ է այսօր: Հայաստանի դեսպանությունը մեծ վնասներ է ստացել՝ թեև պայթյունի վայրից բավական հեռու է: Ներկայումս կարող եմ ասել, որ դեռ շոկի մեջ ենք տեղի ունեցածից, որովհետև բնակարան չկա, որ չի վնասվել, ընտանիք չկա, որ վնասներ չի կրել: Հիմա քննարկում ենք մեր հնարավորությունները, թե ինչպես պետք է կարողանանք հաղթահարել այս կացությունը: Պետք է ճշտենք մարդկանց կարիքները, մոտ ժամանակներս կսկսենք վնասների գնահատումը: Բնականաբար, այս ամենի մեջ Լիբանանի հայությունը միայնակ չի մնա: Որպեսզի Լիբանանի հայությունը դարձյալ ոտքի կանգնի, դրա համար համահայկական զորակցության կարիքը կա: Ակնկալում ենք, խնդրում ենք, պահանջում ենք, որ սա համայն հայության համար ճակատագրական խնդիր դառնա: Այնտեղ, որտեղ հայի սիրտ է բաբախում, այն պետք է այս պահին բաբախի Լիբանանի հայության համար:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանի իշխանություններից, ինչի՞ կարիք կա այս փուլում, քանի լիբանանահայեր կան, որ հիմա ուզում են տեղափոխվել Հայաստան:
– Նախ ասեմ, որ Լիբանանում Հայաստանի դեսպան պարոն Աթաբեկյանի հետ ես տևական կապի մեջ եմ և տեղյակ եմ, որ իր միջոցով հանրապետության նախագահության հետ կապ է հաստատվել: Այն պետական օժանդակությունը, որ պետք է գա Հայաստանի Հանրապետությունից, պետք է անցնի Լիբանանի պետության ճանապարհով: Ինչ վերաբերում է լիբանանահայերի՝ Հայաստան տեղափոխվելուն, ապա, նախ ասեմ, որ այստեղ խուճապային իրավիճակ չկա: Հասկանալի է, որ ամենասխալն այն կլինի, եթե նման որոշումները կայացվեն խուճապային տրամադրությունների ազդեցության տակ: Այս պահին մենք չենք քննարկել Հայաստան տեղափոխվելու այն հնարավորությունները: Իհարկե, անհատ մարդիկ կարող են լինել, որ ուզում են տեղափոխվել Հայաստան, բայց այս պահին հիմնականը լիբանանահայությանը այստեղ ամուր պահելն է, իսկ Հայաստան տեղափոխման մասին կարելի է խոսել ավելի հանդարտ ժամանակներում: Այսինքն՝ մենք չենք ուզում կրկնվեն այն դժվարությունները, որոնք այլ համայնքների դեպքում եղան: Եթե անհատները այդ հնարավորությունն ունեն, կարող են գնալ Հայաստան, և եթե Հայաստանում հայրենադարձներին վերաբերող օժանդակություններ կան, կարելի է նրանց տալ: Այսօր ես ենթադրում եմ, որ Հայաստանն էլ ի վիճակի չէ նման ծրագրերի մասին խոսելու: Կարող են այդպիսի նպատակներ, կարգախոսներ լինել, սակայն այսօր մեր առջև հիմնականում դրված է լիբանանահայությանը Լիբանանի մեջ ամուր պահելու խնդիրը:
– Այսինքն՝ ոչ թե Հայաստան տեղափոխվելու խնդիր է դրված, այլ հենց Լիբանանում ամուր ու կենսունակ լինելո՞ւ:
– Անշուշտ, որովհետև, վերջին հաշվով, Հայաստանի համար հարստություն է նաև կենսունակ լիբանանահայություն ունենալը:
– Իսկ դեռ հաշվարկներ չկա՞ն, թե հայ համայնքը որքան է տուժել:
– Ներկա փուլում շատ դժվար է հստակ ասել, թե որքան է տուժել, որովհետև դեռ պետք է ձևավորվեն հանձնախմբեր, որոնք այդ գնահատականներով կզբաղվեն: Ես օրինակ ասեմ, մեկ քմ ապակին այսօր մեկ մլն լիբանանյան ոսկի արժի, այսինքն՝ շուրջ 125 դոլար: Այս պահին խոսում են բազմահարյուր հազար քմ ապակու անհրաժեշտության մասին: Դե պատկերացրեք, թե որքան մեծ են վնասները, չհաշված ապրանքների, բնակարանների, կահ-կարասիների, տների ու խանութների վնասները: Երբ նավահանգիստը հարված ստացավ, նավահանգստում ամբարված բոլոր ապրանքները այլևս անօգտագործելի են՝ պարենից, ցորենից սկսած մինչև առօրյա կարիքներին ուղղված ապրանքները:
Սարսափելի վիճակ է այսօր: Ես որ պատերազմի օրեր եմ ապրել, պետք է ասեմ, որ նախորդ օրվա պատահածը անկրկնելի է, նման բան Լիբանանում երբեք տեղի չի ունեցել: Նույնիսկ այն ժամանակ, երբ Լիբանանի նախկին վարչապետի ահաբեկումը տեղի ունեցավ, վնասներն այսպիսին չէին: Աներևակայելի կացություն է, ապոկալիպտիկ, դժոխային վիճակ է, բայց ես հավատում եմ, որ կհաղթահարենք համահայկական ուժերով: