Լիբանանի վարչապետի կինն ու դուստրը թեթև վնասվածքներ են ստացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. Նոր մանրամասներ
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի կինը, դուստրը և խորհրդականները թեթեւ վնասվածքներ են ստացել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով Լիբանանի միջազգային ռադիոհեռարձակման ընկերությանը:
Պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել և զգացվել է Կիպրոսում: Լիբանանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել: Ըստ որոշ տեղեկությունների՝ պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, որի հետեւանքով էլ նիտրատը պայթել է: Վերջին տվյալներով՝ մահացել է 50 մարդ, վիրավորվել է ավելի քան 2700 մարդ, երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: Որոշ մարդիկ դեռ մնում են շենքերի փլատակների տակ: Տեղական հիվանդանոցները գերծանրաբեռնված են: Կարմիր խաչը կոչ է արել արյուն հանձնել՝ տուժածներին օգնելու համար:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը օգոստոսի 5-ը ազգային սգո օր է հայտարարել: Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը տեղի ունեցածը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հերոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած ատոմային պայթյունների հետ:
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Բեյրութում պայթյունից վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, Անթիլիասի կաթողիկոսարանը, հայ համայնքային կառույցներ․ կա 78 զոհ, մեկը՝ հայ, և 4000 վիրավոր:
«Ես մի քանի մետր հեռավորության վրա էի գտնվում Լիբանանի էլեկտրաէներգիայի հաստատությունից, որը նավահանգստի հենց մոտակայքում է: Դուրս եկա մեքենայիցս, վազեցի դեպի շինություններից մեկի մուտքը և քիչ անց միայն հասկացա, որ այն ավերվել է: Հետո փորձում էի ծնողներիս զանգահարել, բայց որևէ մեկի հետ կապվել չէի կարողանում: Չեմ հավատում, որ ողջ եմ մնացել»,- Al Jazeera-ի հետ զրույցում պատմել է ականատես Նադա Համզան:
Լիբանանյան բանակի պաշտոնաթող մի գեներալի էլ տեղի ունեցածը Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերն է հիշեցրել:
«Սա աղետ է: Փողոցներում ամենուրեք փշրված ապակիներ էին, և դու փողոցների բոլոր անկյուններում բազմաթիվ վիրավոր մարդկանց ես տեսնում»,- նշել է Խալեդ Համադը, որը պայթյունի պահին դեպքի վայրից կես կիլոմետր հեռավորության վրա է եղել:
Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վիրավորները շատ-շատ են, ըստ ընթացիկ տվյալների՝ մոտ 4000:
«Հոսպիտալները լեփ-լեցուն են, այն մարդկանց, որոնք վիրահատական միջամտության կարիք չունեն, պետք է տեղափոխել Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցներ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:
Հրշեջներին դեռեւս չի հաջողվել ամբողջությամբ մարել պայթյուն վայրում բռնկված ուժգին հրդեհը:
Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ցնցումներ են գրանցվել:
06:09
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, կա 4000 վիրավոր, հաղորդում է Al Jazeera-ն:
Իշխանություններն ակնկալում են, որ առաջիկայում զոհերի թիվը կարող է կտրուկ աճել, քանի որ փրկարարական ուժերն աշխատում են փլատակների տակից թե ողջ մնացածներին, թե զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ:
04:52
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպում է ունեցել ամերիկյան գեներալների հետ, և վերջինները Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունը հարձակում են համարում:
«Այո, պայթյունի բնույթից ելնելով՝ այն հարձակման է նման: Ես հանդիպել եմ մեր մի քանի հրաշալի գեներալի հետ, և նրանք, կարծես թե, ևս այդպես են մտածում: Դա նման չէր ինչ-որ արտադրական պայթյունի, կարծես թե դա, ըստ գեներալների, հարձակում է եղել, ինչ-որ ռումբ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սպասում է Լիբանանի կառավարության կողմի տեղի ունեցած պայթյունների հետաքննության արդյունքներին՝ միաժամանակ շեշտելով, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ աղետից վերականգնվելու նպատակով:
04:28
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեղորայք է ուղարկում Լիբանան՝ Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունից տուժած 500 վիրավորի բուժման նպատակով, ինչպես նաև՝ վիրահատական սարքավորումներ՝ պայթյունից տուժած և վիրահատական միջամտության կարիք ունեցող ևս 500 մարդու համար, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ բժշկական օգնություն ուղարկելու խնդրանքով ԱՀԿ էր դիմել Լիբանանի կառավարությունը՝ հումանիտար օգնություն խնդրելով նաև բարեկամ պետությունների
03:58
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն-Շաբաթին կարգադրել է Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գծով ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովի միջոցով հստակեցնել, թե ինչով կարող է Իսրայելն աջակցել Լիբանանին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Բենի Հանցն ու արտգործնախարար Գավի Աշքենազին միջազգային խողովակներով հումանիտար բժշկական օգնություն են առաջարկել Լիբանանին:
Իսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, ցավակցություն հայտնել տասնյակ զոհերի կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ փոխանցելով, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:
03:52
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը արտակարգ դրություն կսահմանվի:
Ինչպես փոխանցում է ТАСС-ը, նման որոշում կայացվել է Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է երկրի նախագահ Միշել Աունի գլխավորությամբ:
Անվտանգության խորհրդի կողմից հատուկ հանձնաժողով է նաև ձևավորվել, որը պետք է ուսումնասիրի պատահարի հանգամանքները, իսկ դրանց վերաբերյալ զեկույցը պետք է հրապարակվի առաջիկա 5 օրերին ընթացքում:
Նիստի ընթացքում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու: «Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Վարչապետը նկատել է, որ կառավարությունն այս պահին ողջ ջանքերն ուղղում է մարդկանց կյանքները փրկելու և նավահանգստի շինությունների փլատակների տակից զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ:
02:54
Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայ համայնքային կառույցները:
Մասնավորապես, նյութական մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը Անթիլիայի Մայրավանքը՝ կից կառույցներով:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
Տուժել են նաև ՀՅԴ «Շաղզոյան» կենտրոնի մաս կազմով հայկական «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, որը պայթյունից մեծ վնասներ կրած հայահոծ Բուրջ Համմուտ թաղամասում է գտնվում, «Համազգայինի» պատկերասրահը:
01:21
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը, վիրավորվել է ավելի քան 3700 մարդ, հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն, իր հերթին, տեղեկացրել էր առնվազն 40 զոհի և 2500 վիրավորների մասին: Նախարարի տեղեկություններով՝ զոհվածների թվում 7 բուժաշխատող կա, բացի այդ, տասնյակ բժիշկներ վիրավորվել են:
Բժիշկների գնահատմամբ՝ օգոստոսի 5-ին զոհերի թիվը կարող է կտրուկ աճել:
Երկրի վարչապետ Հասան Դիաբը կատարվածն անվանել է «աղետ Լիբանանի համար» և օգնության խնդրանքով բոլոր բարեկամ երկրներին է դիմել:
05.08.2020
00:22
Լիբանանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին բժշկական օգնություն հասցնելու խնդրանքով: Այդ մասին լիբանանյան MTV հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը, հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք կապ ենք հաստատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ օգնությամբ բեռնված օդանավ ուղարկելու համար, իսկ Քաթարին խնդրել ենք ապահովել դաշտային հիվանդանոցների աշխատանքը»,-հայտնել է նախարարը:
Ավելի վաղ Քաթարի էմիրի աշխատակազմը տեղեկացրել է, որ Թամիմ բեն Համադ Ալ Թանին իր ցավակցությունն է հայտնել լիբանանյան ղեկավարությանը և Լիբանանին, ինչպես նաև՝ հրահանգել «շտապ օգնություն» ցուցաբերել պայթյունից տուժածներին:
04. 08.2020
23։55
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է 2750 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքի տվյլաները:
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն, իր հերթին, տեղեկացրել է առնվազն 40 զոհի և 2500 վիրավորների մասին: Նախարարի տեղեկություններով՝ զոհվածների թվում 7 բուժաշխատող կա: Բացի այդ, տասնյակ բժիշկներ վիրավորվել են: Նախարարը նշել է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել:
23։38
Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) է բռնկվել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալութունը՝ հղում անելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին, այս մասին հայտնել է Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին:
Միևնույն ժամանակ «Ալ-Մայադին» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում հետագա վերամշակման կամ ոչնչացման համար:
Նշվում է, որ դեռևս 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել է նիտրատը: