Առնվազն 10 մարդ է զոհվել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. Reuters
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով անվտանգության և առողջապահության ոլորտի լիբանանյան աբյուրներին:
Գործակալությունը հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո առնվազն 10 դի է տեղափոխվել հիվանդանոցներ:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել: