Ալիևի կողմից համավարակի և ՀՀ-ի լարվածության օգտագործումն ընդդիմության դեմ անթույլատրելի է. Եվրախորհրդարանի պատգամավոր
Եվրախորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Քաթի Փիրին հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի կապակցությամբ:
Այս կապակցությամբ իր հայտարարության մեջ նա նաեւ անթույլատրելի է անվանել Ադրբեջանի նախագահի կողմից համավարակը եւ Հայաստանի հետ լարվածությունը որպես արդարացում օգտագործելը երկրում ընդդիմության մնացորդներն արմատախիլ անելու համար:
Մասնավորապես, հայտարարությունում խոսքն ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիի` իշխանությունների կողմից հետապնդումների մասին է:
«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիի նկատմամբ դաժան խոշտանգումների մասին հավաստի հաղորդումների կապակցությամբ: Պարոն Ղահրամանլին այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից է, ով ձերբակալվել էր նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի կողմից` պետական հեղաշրջում պլանավորելու կեղծ մեղադրանքով, իսկ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին ներկայումս անօրինական կերպով գտնվում է տնային կալանքի տակ»,- նշվում է Փիրիի հայտարարության մեջ:
Ըստ նրա` իշխանությունների այս դատապարտելի գործողություններն ընդդիմադիրներին ահաբեկելու, նրանց հետապնդելու եւ ձերբակալելու պլանի մաս են կազմում եւ հրահրվում են Ադրբեջանի նախագահի կողմից, ով իր ելույթներում բազմիցս ընդդիմությանը «հինգերորդ շարասյուն» եւ «դավաճաններ» է անվանել:
«Անթույլատրելի է, որպեսզի նախագահ Ալիեւը COVID-19-ի համավարկը եւ Հայաստանի հետ վերջերս տեղի ունեցած ռազմական լարվածության աճը որպես արդարացում օգտագործի երկրում քաղաքական ընդդիմության մնացորդները ոչնչացնելու համար»,- շեշտել է խմբակցության փոխնախագահը:
«Հաշվի առնելով իրավիճակի լրջությունն Ադրբեջանում` մենք ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Զոզեպ Բորելին կոչ ենք անում ամբողջ ԵՄ-ում անհապաղ մարդու իրավունքների ոլորտում հասցեական պատժամիջոցների կիրառման նախաձեռնությամբ հանդես գալ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են քաղաքական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության դաժան բռնաճնշումների համար երկրում»,- նշվում է Եվրախորհրդարանի պատգամավորի հայտարարության մեջ: