Թրամփը ցանկանում է ստեղծել սառցահատների նավատորմ՝ Արկտիկայում և Անտարկտիկայում նավիգացիայի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս մի շարք գերատեսչությունների խնդրել է ուսումնասիրել Արկտիկայում և Անտարկտիկայում նավիգացիայի համար սառցահատների նավատորմի ստեղծման հարցը, ինչը տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ամրապնդման վարչակազմի ջանքերի ևս մեկ վկայություն է՝ Ռուսաստանի և Չինաստանի աճող մարտահրավերների պայմաններում:
Ինչպես հայտնում է Fox News-ը, Պետդեպարտամենտին, ՊՆ-ին, առեւտրի բյուջեի կառավարման նախարարությանը հանձնարարվել է պարզել, թե ինչպես կարելի է ձեռք բերել «բևեռային դասի առնվազն երեք ծանր նավեր», որոնք առավել հայտնի են որպես սառցահատներ: Գերատեսչությունները պետք է նախագահին մինչեւ օգոստոսի սկիզբը զեկուցեն կատարած աշխատանքների արդյունքների մասին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Նախագահի կողմից ուղարկված հուշագրում նշվում է նաեւ փոքր սառցահատների օգտագործման հնարավորությունը` ազգային անվտանգության ոլորտում գերակայություններին աջակցելու համար, ինչպիսիք են «անօդաչու ավիացիան» ու «տիեզերական համակարգերը», եւ նույնիսկ հավանական է համարվում առավել ռազմականացված ներկայությունը:
Ներկայում ԱՄՆ-ն ունի միայն մեկ ծանր սառցահատ, որն օգտագործվում է ինչպես Արկտիկայում, այնպես էլ Անտարկտիկայում առաքելությունների կատարման համար: Այս սառցահատը՝ USCG Polar Star-ը, ավելի քան 40 տարեկան է: Բացի այդ, առափնյա պարեկությունն ունի միջին սառցահատ՝ USCG Healy-ը: Միացյալ Նահանգների մյուս սառցահատները մասնավոր սեփականություն են:
Մինչդեռ Ռուսաստանն ունի մի քանի տասնյակ սառցահատներ, այդ թվում՝ մի քանի միջուկային, մի քանի խոշոր եւ մի ամբողջ նավատորմ միջին չափի: Չինաստանն իր զինանոցում ունի մի քանի միջին սառցահատներ եւ նախատեսում է նորերը ձեռք բերել: