Շատ լավ հարաբերություններ ունեին, քույրն էր իրեն պահում. քրոջը գլխատած տղամարդը դատաբժշկի սանիտար է եղել
Երևանում օգոստոսի 1-ին քրոջը գլխատած 58-ամյա Վահրամ Մեժլումյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, Բերդում դատաբժշկի սանիտար է եղել։ NEWS.am-ը զրուցել է Բերդի նախկին դատական բժիշկ Դավիթ Հարությունյանի հետ, որի սանիտարն է եղել Վահրամ Մեժլումյանը։
«Եղել է իմ սանիտարը։ Նորմալ մարդ է, երկար տարիներ միասին աշխատել ենք։ Ինքը շատ խելացի տղա է։ Վերջին տարիներին հաճախակի սկսեց ալկոհոլ օգտագործել ու ազատեցինք աշխատանքից, որովհետեւ արդեն աշխատանք ձախողում էր։ Իմ դուրս գալուց մոտ 2 տարի առաջ իրեն ազատել էին եւ շփում չենք ունեցել»,- պատմել է նա։
Հարությունյանն ասաց, որ Վահրամ Մեժլումյանը ամուսնացած է եղել ուկրաինուհու հետ, երեխա ունի, սակայն բաժանվել են, կինն էլ երեխայի հետ Հայաստանում չի բնակվում։
«Քրոջ հետ շատ լավ հարաբերություններ ուներ։ Իր քույրն էր իրեն պահում։ Հաճախակի էր այցելում քրոջը, քույրն էլ էր գալիս եղբոր մոտ մնում։ Մենք էլ ենք զարմացել, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ»,- ասաց նախկին դատական բժիշկը։
Մեր հարցին՝ արդյոք հոգեկան շեղումներ նկատվե՞լ է Վահրամ Մեժլումյանի մոտ, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես իր մոտ հոգեկան շեղման երեւույթներ չեմ նկատել, նորմալ մարդ էր»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Ոստիկանության Էրեբունու բաժնի առջեւ, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, եւ ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր եւ ինչ է տեղափոխում, վերջինս պատասխանել է, թե՝ հեչ, բան ա, տանում եմ, գցեմ:
Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են եւ այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ։ Տղամարդուն անմիջապես վնասազերծել են եւ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Նշենք, որ գլխատված 1952 թվականի ծնված Մելանյա Մեժլումյանը, որը ապրում էր Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում, Վահրամ Մեժլումյանի քույրն էր։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: