Մոնրոյ Արարատ. Երջանիկ կլինեմ նորից հանդես գալ Հայաստանի հավաքականում
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր եւ փոխչեմպիոն «Նոայի» նորեկ, Հայաստանի հավաքականի թեկնածու, 24-ամյա եզրային պաշտպան Մոնրոյ Արարատը երեւանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմ տեղափոխվելու, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության, ազգային հավաքականում անցկացրած խաղերի մասին։։
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Նախընտրեցի «Նոան», որովհետև թիմը դարձել է Հայաստանի գավաթակիր, շատ հաջող մրցաշրջան է անցկացրել Բարձրագույն խմբի առաջնությունում, նվաճել արծաթե մեդալները։ Նաև ինձ համար սա շատ լավ տարբերակ էր՝ գալ Հայաստան, հանդես գալ այստեղ։
Ակնկալիքների առումով, իհարկե, ցանկանում եմ բազում լավ տարիներ անցկացնել «Նոայում» և դառնալ Հայաստանի չեմպիոն, նաև սա կարևոր է այն առումով, որ հաջող հանդես գալու պարագայում կարող եմ գրավել Հայաստանի հավաքականի մարզիչի ուշադրությունը և տեղ զբաղեցնել ազգային թիմի կազմում:
Իհարկե, շատ ուրախ էի, որ երկու տարի առաջ հրավեր ստացա Հայաստանի ազգային հավաքականից, անցկացրի երկու խաղ ընտրանու կազմում: Ինձ բոլորը լավ էին վերաբերվում, շատ հաճելի հուշեր ունեմ... Կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ առումով էլ շատ աճեցի այդ ժամանակ, բնականաբար, հիմա երջանիկ կլինեմ նորից հանդես գալ հավաքականի կազմում։
Պապուս պապը ծնվել և մեծացել է Հայաստանում, ջարդից հետո ընտանիքով գաղթել էր Կոլումբիա, այնտեղ հանդիպել իր ապագա կնոջը, ամուսնացել ու հաստատվել, այդ պատճառով էլ ազգանվանս մեջ կա Արարատը»,- նշել է ֆուտբոլիստը։
Կոլումբական «Բոյակա Չիկոյի» հետ 24-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվել էր:
2018-ի մայիսին Հայաստանի հավաքականի կազմը համալրած Մոնրո Արարատը 2 հանդիպման է մասնակցել ազգային թիմի կազմում: