Հեյլի Բիբերը պատմել է, թե ինչպես են ինքն ու ամուսինը՝ Ջասթինը, դաստիարակելու իրենց ապագա երեխաներին
23-ամյա մոդել Հեյլի Բիբերը նկարահանվել է հնդկական «Vogue»-ի շապիկի համար։ Աստղը պարբերականին նաեւ հարցազրույց է տվել, որի ընթացում պատմել է ամուսնու՝ 26-ամյա Ջասթին Բիբերի հետ ընտանեկան կյանքի մասին։
Հեյլին նշել է, որ ինքն ու ամուսինն ապագա երեխաներին այնպես են դաստիարակելու, որ նրանք հարգանքով վերաբերվեն Black Lives Matter շարժմանը, որը պայքարում է հանուն թխամորթների իրավունքների։ «Նրանք կմեծանան՝ իմանալով, թե ինչպես վերաբերվել մարդկանց, որովհեւ մենք չենք խոսում որոշակի երեւույթների մասին, որովհետեւ մենք հարգում ենք, ընդունում եւ վստահում այն հանգամանքներում, երբ դա հարկավոր է անել»,- հայտարարել է նա։
Միայն թե Հեյլին չի հստակեցրել, թե երբ են իրենք ծրագրում երեխաներ ունենալ։ Նախորդ տարվա ավարտին Ջասթինն ակնարկել էր, որ արդեն այս տարի կփորձեն զավակներ ունենալ։ Ընդ որում, Բիբերը նշել է, որ կորոշի կինը. «Ես կարծում եմ՝ ամեն ինչ կախված է Հեյլիից, որովհեեւ դա նրա մարմինն է»,- հայտարարել է նա։
Հարցազրույցի ընթացքում Հելին նաեւ նշել է, որ ինքը ու Ջասթինը բոլորովին տարբեր մանկություն են ունեցել։ Թեեւ մոդելը մեծացել է դերասանների հայտնի ընտանիքում, երբեք չի մտածել, որ հայտնի կդառնա ի տարբերություն Բիբերի, որը ճանաչում է ձեռք բերել վաղ տարիքում եւ մեծացել է հանրության ուշադրության կենտրոնում։ Այն ժամանակ, երբ Բիբերն արդեն հյուրախաղերի էր գնում՝ նույնիսկ մեքենա վարել չսովորած, Հեյլին սովորում էր տանն ու կատարելագործում բալետային հմտությունները։
«Անկեղծ ասած՝ ես չէի կարծում, թե երբեւէ հայտնի կդառնամ։ Իհարկե, ես գիտեի, որ հայրս դերասան է եղել եւ բավական հայտնի, բայց եթե համեմատենք, թե ինչպես եմ ես մեծացել եւ ինչպես է մեծացել Ջասթինը, կարող եմ ասել, որ նա ինձանից շատ ավելի երիտասարդ է եղել, երբ հայտնիության խելահեղ փորձ է ձեռք բերել»,- նշել է նա։