Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը
83 տարեկանում մահացել է իռլանդացի քաղաքական գործիչ եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքին:
«Խորը ցավով հայտնում ենք, որ Ջոնը մահացել է այսօր առավոտյան կարճատեւ հիվանդությունից հետո»,-հեռուստաալիքը մեջբերում է քաղաքական գործչի հարազատների խոսքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ջան Հյումը ծնվել է 1937 թվականին Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում կաթոլիկների ընտանիքում: 1970 թվականին եղել է Սոցիալ-դեմոկրատական եւ լեյբորիստական կուսակցության հիմնադիրների թվում, 1979-2000 թվականներին եղել է կուսակցության առաջնորդը:
1998-ին Հյումը ստորագրել է Բելֆաստի խաղաղ համաձայնագիրը, որը սկիզբ է դրել Հյուսիսային Իռլանդիայում բողոքականների եւ կաթոլիկների միջեւ կոնֆլիկտի կարգավորմանը: Այդ տարի նա դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր:
1979-ին նա ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր, 1983-2005 թվականներին եղել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, իսկ 1998-2000 թվականներին՝ Հյուսիսիռլանդական ասամբլեայի անդամ:
2004-ին Ջոն Հյումը հեռացել է քաղաքականությունից: Բացի Նոբելյան մրցանակից՝ նա ունի բազմաթիվ պարգեւներ , այդ թվում՝ Գանդիի անվան խաղաղության միջազգային մրցանակ: 2010-ին RTE-ի անցկացրած հարցման համաձայն՝ նա ճանաչվել է «մեծագույն իռլանդացի»: