Արտետա․ Գվարդիոլայի շնորհիվ եմ դարձել մարզիչ
Անգլիայի գավաթը նվաճած Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որի մարզչական շտաբում երեք տարի եղել է նրա օգնականը մինչեւ «Արսենալը» գլխավորելը։
«Պետք է շնորհակալություն հայտնեմ Պեպին, քանի որ նրա շնորհիվ եմ դարձել մարզիչ։ Եթե որեւէ մեկն ասեր, որ այս ամենին հասնելու եմ, չէի հավատա։ Բայց առավել հպարտ եմ այն մթնոլորտով, որը տիրում է «Արսենալի» հանդերձարանում»,- Արտետայի խոսքը մեջբերում է BT Sport-ը։
2016-ին «Արսենալում» ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Արտետան ընդգրկվել էր «Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլայի մարզչական շտաբում։
2019թ․ դեկտեմբերին 38-ամյա մասնագետն ընդունեց «Արսենալի» հրավերը։ Անգլիայի գավաթն Արտետայի մարզչական կարիերայում առաջին տիտղոսն է գլխավոր մարզիչի դերում։
Հիշեցնենք, որ եզրափակիչում «Արսենալը» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլի շնորհիվ 2։1 հաշվով պարտության է մատնել Լոնդոնի «Չելսիին»։