ԱՄՆ-ում ներողություն են խնդրել 1906 թվականին Բրոնքսի կենդանաբանական այգում աֆրիկացու ցուցադրության համար
Միացյալ Նահանգներում վայրի բնության պահպանության ընկերությունը, որի տնօրինության տակ է գտնվում նաև Բրոնքսի կենդանաբանական այգին, ներողություն է խնդրել 1906 թվականին մի քանի օր շարունակ կապիկի վանդակում որպես ցուցանմուշ Կենտրոնական Աֆրիկայից մի երիտասարդի ցուցադրելու համար: Այս մասին հայտնում է New York Times- ը:
Կազմակերպությունում նշել են, որ ափսոսում են մբուտի ցեղի Օթա Բենգա անունով ներկայացուցչին (ներկայիս Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից) կենդանաբանական այգում ցուցադրելու համար և դատապարտում են կատարվածը:
Համաձայն հայտարարության՝ Բենգային կապիկների վանդակում ցուցադրել են կենդանաբանական այգու ներկայացուցիչները՝ տնօրեն Ուիլյամ Հորնադեի գլխավորությամբ, 1906 թվականին: Մի քանի օր անց սևամորթ հոգևորականները դատապարտել են այս իրադարձությունը և այն ամոթալի են անվանել: Այդ ժամանակ երիտասարդ աֆրիկացուն կացարան են ուղարկել։ Տասը տարի անց Օթա Բենգան ինքնասպանություն է գործել, նաև այն պատճառով, որ չի կարողացել տուն վերադառնալ: