Կադրային հետախույզ և Թուրքիայում նախկին դեսպան Ռիչարդ Մուրը նշանակվել է բրիտանական ՄԻ-6 հետախուզության ղեկավար
Բրիտանական արտաքին հետախուզության (Secret Intelligence Service (SIS), կամ ՄԻ-6) հաջորդ ղեկավար է նշանակվել Ռիչարդ Մուրը, որը ներկայումս բարձր պաշտոն է զբացեղնում ԱԳ նախարարությունում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայում նախկին դեսպան եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայիս քաղաքական տնօրեն Մուրը հետախուզության ղեկավարի պաշտոնում սըր Ալեքս Յանգերին կփոխարինի աշնանը:
Երկրի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, որը հետախուզության նոր տնօրենին նշանակել է վարչապետի համաձայնությամբ, նշել է, որ Ռիչարդ Մուրը «համակարգելու է տղամարդկանց եւ կանանց խմբի աշխատանքը, որոնց անդուլ ջանքերը հազվադեպ են նկատելի հանրությանը, բայց չափազանց կարեւոր են Միացյալ Թագավորության անվտանգության եւ բարգավաճման համար»:
ՄԻ-6-ը զբաղվում է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս հետախուզական տեղեկությունների հավաքմամբ:
Ռիչարդ Մուրը ծնվել է Լիբիայում (ընդ որում՝ նրա պաշտոնական կենսագրականում ծննդյան տարեթիվը նշված չէ): Հայտնի է, որ նա ՄԻ-6-ում սկսել է աշխատել 1987 թվականին եւ այնտեղ հասել է մինչեւ տնօրեններից մեկի պաշտոնին: Նա նաեւ զբաղեցրել է կառավարության ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը:
Նա իր գաղտնի աշխատանքը համատեղել է դիվանագիտական կարիերայի հետ՝ 1990-1992 թվականներին Վիետնամում, Թուրքիայում, Պակիստանում եւ Մալայզիայում: 2000-ական թվականներին մի շարք պաշտոններ է զբաղեցրել Ֆորին-օֆիսի կենտրոնական աշխատակազմում, իսկ 2014 թվականի հունվարից 2017 թվականի դեկտեմբեր եղել է Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանը:
Ռիչարդ Մուրը ազատ տիրապետում է թուրքերենին եւ երբեմն այդ լեզվով է թվիթում:
Մուրն ունի բրիտանական քաղաքական եւ բյուրոկրատական վերնախավի համար ավանդական կրթություն՝ փիլիսոփայության եւ քաղաքականն տնտեսագիտության բակալավրի աստիճանը ստացել է Օքսֆորդում: