Թրամփը հայտնել է, թե չի հասկանում՝ ինչու ԱՄՆ-ն պետք է Գերմանիային Ռուսաստանից պաշտպանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի հասկանում՝ ինչու Միացյալ Նահանգները պետք է Գերմանիային Ռուսաստանից պաշտպանի:
«Գերմանիան Ռուսաստանին տարեկան միլիարդավոր դոլար է վճարում էներգիայի դիմաց, եւ մե՞նք պետք է Գերմանիային պաշտպանենք Ռուսաստանից: Ի՞նչ է սա ընդհանրապես»,- նշել է նա իր Twitter-յան էջում՝ մեկնաբանելով Գերմանիայից ԱՄՆ զորակազմի մի մասի դուրսբերման մասին որոշումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում՝ նա կրկին Բեռլինին կշտամբել է այն պատճառով, որ Գերմանիան, իր կարծիքով, անբավարար միջոցներ է ծախսում ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությանն աջակցելու համար: «Դրանից բացի, Գերմանիան վատ է կատարում ՆԱՏՕ-ին 2 տոկոսի չափով վճարման իր պարտավորությունը: Այս պատճառով մենք Գերմանիայից հանում ենք զորքերի մի մասը»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը երեկ հայտարարել էր Գերմանիայից 11,9 հազար ամերիկացի զինծառայողներին դուրս բերելու մասին. 6,4 հազարը կվերադառնա հայրենիք, մոտ 5,6 հազարը կվերատեղակայվի Իտալիայում եւ Բելգիայում: Ընդ որում՝ Գերմանիայում կմնա առավելագույնը 25 հազար զինվորական:
Թրամփը հունիսի 15-ին նախազգուշացրել էր, որ Վաշինգտոնը Գերմանիայի տարածքում իր զորակազմի թվաքանակը 34,5 հազարից կկրճատի մինչեւ 25 հազար մարդ, եթե Բեռլինը չվճարի նրանց տեղակայման համար եւ ՆԱՏՕ-ի շրջանակում պայմանավորվածությունների համաձայն չմեծացնի ծախսերը: ԱՄՆ նախագահը բազմիցս Գերմանիային քննադատել է այն պատճառով, որ նա, իր կարծիքով, բավարար միջոցներ չի ծախսում ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությանն աջակցելու համար: Սպիտակ տան ղեկավարը դաշինքի անդամ բոլոր երկրներից պահանջել էր կարճ ժամկետում պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ մինչեւ 2 տոկոսի: