Հովհաննես Բաչկով․ Պրոֆեսիոնալ ռինգ վաղուց էի ցանկանում տեղափոխվել, բայց գերնպատակը մնում է Օլիմպիական խաղերը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում. բռնցքամարտիկը 3 տարվա պայմանագիր է կնքել անգլիական MTK Global (Mack The Knife Global) մենեջերական ընկերության հետ:
Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հաաստանի օլիմպիական հավաքականի հույսերից մեկն է, օլիմպիական մեդալ նրանից սպասում են բոլորը: Վերջին տարիներին Բաչկովը փայլուն է հանդես գալիս աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում 7 տարվա դադարից հետո գյումրեցի բռնցքամարտիկը Հայաստանի համար նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այդ նույն տարում աշխարհի առաջնությունում էլ նվաճեց բրոնզե մեդալ: 2019-ին Եվրոպական խաղերում նվաճեց ոսկե մեդալ եւ հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 2019-ի աշխարհի առաջնությունում էլ կողմնակալ մրցավարության պատճառով արժանացավ բրոնզե մեդալի:
Գյումրեցի բռնցքամարտիկը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր դեռեւս չունի: Մարտի 14-24-ը Լոնդոնում անցկացված վարկանիշային մրցաշարում ռինգ դուրս գալու հնարավորություն չունեցավ, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեկնարկած մրցաշարը դադարեցվեց: Հայ բռնցքամարտիկն էլ Լոնդոնից վերադարձավ կորոնավիրուսով վարակված: 14-օրյա բուժում ստանալուց հետո Հայաստանի հավաքականի ավագը վերադարձավ մարզումներին եւ այժմ պատրաստվում է ուժերը փորձել պրոֆեսիոնալ ռինգում, զուգահեռաբար կպայքարի նաեւ իր համար այդքան բաղձալի օլիմպիական ուղեգրի եւ մեդալի համար:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Բաչկովի հետ։
Հովհաննես, շնորհավորում եմ MTK Global ընկերության հետ պայմանագիր կնքելու կապակցությամբ: Ինչպե՞ս որոշեցիր տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ Օլիմպիական խաղերի շեմին:
Պրոֆեսիոնալ ռինգ վաղուց էի ցանկանում տեղափոխվել, բայց սպասում էի Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Քանի որ մեկ տարով հետաձգվեցին Խաղերը, որոշեցի պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելս չհետաձգել: Բացի այդ, ժամանակն է տեղափոխվելու, որպեսզի տարիքիս հետ կապված հետագայում արդեն ուշ չլինի:
Երբ առաջարկը ստացա, խորհրդակցեցի մարզիչներիս, ընտանիքիս անդամների հետ, բայց որոշումս կայացրեցի «գիր ու ղուշով» (ծիծաղում է):
Այսինքն՝ սիրողական բռնցքամարտից չես հեռանո՞ւմ, Օլիմպիական խաղերի համար պայքարդ շարունակվելո՞ւ է:
Այո, ես չեմ հեռանում սիրողական ռինգից, շարունակելու եմ պայքարս Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի, ապա նաեւ օլիմպիական մեդալի համար: Այդ պատճառով որոշում է կայացվել, որ օգտագործելով այս մեկ տարին, մինչեւ Օլիմպիական խաղեր 1-2 մենամարտ անցկացնել, զուգահեռ նաեւ զբաղվել սիրողականով, մասնակցել սիրողական բռնցքամարտի մրցաշարերին:
Ե՞րբ է նախատեսվում առաջին մենամարտդ:
Առաջին մենամարտս հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերին Դուբայում, եթե հասցնեմ փաստաթղթային եւ մի քանի այլ հարցեր լուծել: Ցանկանում եմ՝ հենց սեպտեմբերից էլ մեկնարկել: Ամեն ինչ կանեմ, որպեսզի բոլոր հարցերը մինչ այդ լուծվեն:
Ինչո՞ւ հենց MTK Global ընկերություն: Ո՞ւմ կողմից եղավ առաջարկը եւ քանի՞ տարով ես կնքել պայմանագիրդ:
Սա աշխարհի մեծագույն մենեջերական ընկերություններից է, եթե ոչ ամենամեծը: Կենտրոնը Դուբայում է, աշխարհահռչակ գործակալություն է, բռնցքամարտի աշխարհում շատ հայտնի: Այս ընկերությունը բազմաթիվ չեմպիոններ է տվել եւ ունի տասնյակ հազարավոր հետեւորդներ: Առաջարկը եղել է նրանց կողմից: Ամեն մրցաշարից հետո ինձ պարբերաբար մոտեցել են պրոմոութերներ, մենեջերներ եւ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու առաջարկներ արել: Սա այն առաջարկություններից էր, որն ինձ դուր եկավ թե՛ պայմաններով, թե՛ ֆինանսական առումով: Պայմաններից առաջնայինն ու ինձ համար կարեւորն այն էր, որ ես հնարավորություն կունենամ համատեղել սիրողականն ու պրոֆեսիոնալը: Մինչեւ Օլիմպիական խաղեր ինձ չեն խանգարի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: