Մեզ պետք չէ Սահմանադրություն սովորեցնել, թե դա նախագահի քաղաքական մենաշնորհն է. Նաիրա Զոհրաբյանը
ԱԺ-ում ճեպազրույցի ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այն հարցին, թե առաջարկ կա Մաքսային միության հետ կապված հանրաքվե անցկացնել, որ հանրության կողմնորոշումը պարզ լինի, արդյո՞ք հանրությունը կարող է հիմա նման որոշում կայացնել և ի՞նչ կլինի արդյունքը պատասխանեց. «Կարծում եմ` մինչև քաղաքական որոշում կայացնելը պետք էր հիմնական ուժերի հետ քննարկման ենթարկել հարցը:
Մեզ պետք չէ սահմանադրություն սովորեցնել, թե դա նախագահի քաղաքական մենաշնորհն է: Այո մենաշնորհն է, բայց նման հարցերը պետք է քննարկել քաղաքական ուժերի հետ: Հանրության հանրաքվեի վերաբերյալ, այո, ինչո՞ւ չէ, հնարավոր է»:
Իսկ հայկական կողմի այն պնդումների վերաբերյալ, թե նոյեմբերին նախաստորագրելու են համաձայնագիրը Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար հասկանալի չեն հայկական կողմի պնդումները, որ իրենք համագործակցելու են նաև մյուս կողմի հետ:
Ինչ վերաբերում է եվրոպական կողմի մտահոգություններին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը հասկանում է նրանց մտահոգությունները, որովհետև մեծ աշխատանքներ են տարվել քաղաքական և տնտեսական ուղղվածությամբ:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց.«Ես առանձնապես շահագրգռված եմ, որ մեր հարաբերությունները Եվրամիության հետ շարունակական լինեն, որպեսզի եվրոպական մեր հեռանկարը վերջնականապես խզված չլինի»: