ԿԲ–ի ստեղծած լուծարային հանձնաժողովը հավաքում է «Varks.am-»–ի վարկերը. 2630 քաղաքացու դեմ հայց է ներկայացվել
«Վարկս ԷՅ ԷՄ» վարկային կազմակերպությունը լուծարումից մինչ օրս շուրջ 2630 քաղաքացու դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը 2020թ. մարտի 24–ի որոշմամբ ուժը կորցրած էր ճանաչել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ ՈւՎԿ» ՓԲԸ-ի վարկային գործունեության լիցենզիան, ինչը մեծ ոգևորություն էր առաջացրել հանրության, հատկապես այս վարկային կազմակերպությունից վարկեր վերցրած քաղաքացիների շրջանում։ Մարդիկ հույս ունեին, թե COVID-19 -ով պայմանավորված իրավիճակում իրենց վարկերի մարումները կսառեցվեն և դժգոհությունների բուռն ալիք սկսվեց, մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկի ստեղծած լուծարային հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով սկսեց աշխատանքներ տանել varks.am-ի վարկերը ժամկետից շուտ հավաքագրելու ուղղությամբ։
Նշենք, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ լուծարային հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի (վարկային կազմակերպության) պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերը ստանալու (ում վարկ է տվել), լուծարվող բանկի (վարկային կազմակերպության) կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ։ Նշենք, որ վարկային կազմակերպությունը հաճախորդներին հնարավորություն էր տվել իրականացնել պարտավորությունների վերակառուցում, այսինքն նախանշված ժամկետում մայր գումարի առնվազն 15%-ի չափով վճարման դեպքում նրանց տրամադրել 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար, սակայն անգամ այս պարագայում հազարավոր հայրենակիցներ չեն կարողացել կատարել սահմանված վճարումները և հայտնվել են դատարանի առաջ։ Ստացվում է, որ «Վարկս ԷՅ ԷՄ»–ի լուծարումից ոչ միայն ավելացավ տուժած քաղաքացիների թիվը, այլև դրանից շահեցին բանկերը՝ դաշտից հանելով ուժեղ մրցակցի։