ՌԴ քաղաքացու բաց-նամակ տեսանյութը. ՌԴ մոտ 300 000 քաղաքացի բախվել է հայկական ավտոմեքենաների ձևակերպման խնդրի հետ
ՌԴ մոտ 300 000 քաղաքացի բախվել է հայկական ավտոմեքենաների ձեւակերպման խնդրի հետ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված տեսաուղերձում ասել է ՌԴ քաղաքացի Միխայիլ Չեռնիկովը:
Նա հույս է հայտնել, որ Փաշինյանը լսել է այն խնդիրների մասին, որոնք կան Ռուսաստանում՝ կապված Հայաստանում ձեռքբերված ավտոմեքենաների հետ:
«2017 թվականից ռուսաստանցիները ավտոմեքենաներ են ձեռք բերել ՀՀ-ում, ձեւակերպել բոլոր փաստաթղթերը առանց հայտարարագրելու անհրաժեշտության, եւ դրանցով առանց խոչընդոտի երթեւեկել Ռուսաստանում: Սակայն ամեն ինչ փոխվել է 2020 թվականի հուլիսից, եւ ստեղծվել է իրավիճակ, որը նման է Ղազախստանում տեղի ունեցածի հետ: ՌԴ քաղաքացիները, որոնք ավտոմեքենաներ են ձեռք բերել ՀՀ-ում, ստիպված են դրանք ՌԴ-ում գրանցել: Խոսքը 2014 թվականի հոկտեմբերից հետո ներկրված ավտոմեքենաների մասին է, որոնց համար պետք է վճարել մաքսային տարբերությունը: Դա իրականում շատ մեծ գումար է: Օրինակ, ես Հայաստանում գնել եմ ավտոմեքենա 415 000 ռուբլիով: Ռուսաստանում ինձնից պահանջում են 1 մլն 200 հազար ռուբլի մաքսազերծման համար: Ըստ էության, ՌԴ մոտ 300 000 քաղաքացի կարող է առանց տրանսպորտային միջոցի մնալ, քանի որ ավտոմեքենաներն արդեն առգրավվում են: Սակայն մենք նման գումար չունենք»,-ասել է ՌԴ քաղաքացին:
Չեռնիկովը հույս է հայտնել, որ Փաշինյանը այդ կապակցությամբ երկխոսություն կսկսի ՌԴ իշխանությունների հետ: «Շատ եմ խնդրում Ձեզ՝ բարձրացրեք այդ հարցն ու լուծում գտեք: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ քաղաքացիները չպետք է վաճառեին այդ ավտոմեքենաները, իսկ ՌԴ մաքսայինները, ինչպես արդեն ասում եմ ես, չպետք է դրանց մուտքը թույլատրեին: Այսինքն՝ հայկական կողմի սխալները ընդունվել են, իսկ մեր սխալները ոչ ոք, ինչպես միշտ, չի ընդունում: Բացի այդ, կա հանձնարարական, որի համաձայն՝ հայկական ավտոմեքենաների հանդեպ պահանջ չի լինի, եթե ղեկին ՀՀ քաղաքացի է: Տվեք մեզ այդ անձնագրերը: ՌԴ եւ Ղազախստանի ժողովուրդները ժամանակին օգնել են Հայաստանին՝ գնելով տրանսպորտային միջոցները, այժմ օգնեք մեզ: Այդ դեպքում մենք եւս կշարունակենք ձեր բյուջեում հարկեր վճարել եւ ավտոմեքենաներ գնել Հայաստանում»,-եզրափակել է նա: