ԱՄՆ-ում նշել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հնարավոր արժեքը
Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը մտադիր է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը սահմանել ներարկումների կուրսի համար 50-60 դոլար, ինչը կազմում է դեղաչափի դիմաց շուրջ 25-30 դոլար: Այս մասին հայտնել է Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով պոտենցիալ գնորդների հետ ընկերության բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին:
Պարբերականի տեղեկություններով՝ այսպիսի գին է նախատեսվում ԱՄՆ-ի եւ բնակչության եկամուտների բարձր մակարդակով մյուս երկրների համար:
Ընդ որում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող մյուս ընկերությունները նախատեսում են իրենց դեղամիջոցներն ավելի էժան վաճառել: Այսպես՝ ամերիկյան Pfizer-ը եւ գերմանական BioNTtech-ը, որոնք անցյալ շաբաթ ԱՄՆ կառավարության հետ պայմանավորվել են 100 մլն դեղաչափի մատակարարումների շուրջ, իրենց պատվաստանյութը գնահատել են դեղաչափի դիմաց 19,5 դոլար, իսկ բրիտանա-շվեդական AstraZeneca-ն՝ 3-4 դոլար, հայտնում է FT-ն:
Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ Moderna ընկերության հայցած գինը բանակցություններում զգալի դժվարություններ է առաջացնում՝ հաշվի առնելով այն փաստը, որ մյուս արտադրողները խոստացել են զգալիորեն ավելի ցածր գներ: Պարբերականը նշում է, որ սրա հետ կապված նշված 50-60 դոլար գինը, հավանաբար, վերջնական չի լինի:
Moderna-ն երկուշաբթի հայտնել էր նոր տեսակի կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլին անցնելու մասին: Դրան մասնակցելու է մոտ 30 հազար կամավոր: Ինչպես ընդգծել է Associated Press գործակալությունը, սա կամավորների թվով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի աշխարհում խոշորագույն թեստավորումն է: