Վարդան Դևրիկյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում
Վարդան Դևրիկյանը հուլիսի 29-ին միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը։
Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ-ին` Վանաձորում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասիրական գիտությունների դոկտոր է:
Վարդան Դևրիկյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է հայ միջնադարյան և դասական գրականությունը, հայկական տպագրության պատմությունը: Նա 36 մենագրության, 43 հոդվածի հեղինակ է:
Վարդան Դևրիկյանը 1989 թ-ից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 1993-2009թթ. եղել է Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր, 1996-2009 թթ.` նաև Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ, 2009-2015թթ.` աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Հայ հին գրականության բաժնի վարիչ: 2015թ-ից ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենն է:
Վարդան Դևրիկյանը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական և մասնագիտական խորհուրդների նախագահն է, Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի անդամ, «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Հայագիտության», «Էջմիածին» պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ:
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ», ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշաններով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մարտական գործողությունների», «ՀՀ Զինված ուժեր- 20», «Գարեգին Նժդեհ», ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալներով: