Դասագրքերը լռում են. Պատմության այս օրը
1920թ. մայիսին Խորհրդային Ռուսաստանի ու Ադրբեջանի զինված ուժերն առանց պատերազմ հայտարարելու ներխուժեցին Արցախ, հունիսին՝ Սյունիք, ապա Նախիջեւան: Հուլիսի վերջերին Սյունիքում ու Նախիջեւանում իրադրությունը կտրուկ սրվեց՝ սպառնալով վերածվել լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ:
Հայկական ուժերի առաջընթացը կասեցվեց հուլիսի 28-ին, երբ ռուսական զորամասերը մտան Նախիջեւան: Այստեղ նրանք հանդիպեցին թուրքական զորաջոկատի հետ՝ ինչը նշանակում էր ցամաքային հաղորդակցության հաստատում քեմալականների հետ:
Կարմիր բանակի հրամանատար Վասիլենկոն, որը հայերին մեղադրում էր Զանգիբասարում ու Նախիջեւանում ազգամիջյան բախումներ ու ջարդեր կազմակերպելու մեջ, վերջնագիր է ներկայացնում Դրոյին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հեռանալ, հակառակ պարագայում՝ սպառնալով պատասխանել «ջախջախիչ հարվածներով»:
1920թ. հուլիսի 29-ին Թիֆլիսում գտնվող ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեգրանը Հայաստանի իշխանություններին մեղադրում է Ռուսաստանի հանդեպ վարած թշնամական քաղաքականության եւ ստեղծված ռազմական դրության համար, կարծես հայկական բանակն էր ներխուժել Ռուսաստան եւ ոչ հակառակը:
Ստանալով ՀՀ վարչապետ Համո Օհանջանյանի հեռագիրը՝ Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը հանդիպում է Բորիս Լեգրանին, որի հետ հանգամանալից քննարկում է ռուսական զորքերի ներխուժմամբ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Խոսելով այսպես կոչված «վիճելի տարածքների» մասին, Լեգրանն ասում է.«Ես Զանգեզուրի ու Ղարաբաղի խնդրին բոլորովին անտեղյակ եմ, բայց որ Նախիջեւանը ձերը պիտի լինի՝ դա ինձ համար պարզ է եւ ինձ թվում է, որ դա նույնպիսի անհրաժեշտություն է ձեր պետականության համար, ինչպիսին է ջրհորը տնամերձի համար, եւ ինչպես վերջինը չի կարելի թողնել առանց ջրհորի, այնպես էլ ձեզ՝ առանց Նախիջեւանի...»:
ՀԳ - 1920թ. օգոստոսի 10-ին, Սեւրի պայմանագրի ստորագրման օրը, Թիֆլիսում ստորագրվում է հայ-ռուսական համաձայնագիր, որով կողմերի միջեւ ռազմական գործողությունները դադարում են, իսկ ռուսների ռազմակալած հայկական Արցախ, Սյունիք ու Նախիջեւան երկրամասերը համարվում «վիճելի տարածքներ»: 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված «Բարեկամության ու եղբայրության մասին» ռուս-թուրքական պայմանագրով Կարսի մարզն ու Սուրմալուն անցնում են Թուրքիային, Նախիջեւանն ու Շարուր-Դարալագյազի գավառի մի մասը՝ Ադրբեջանին: 1921թ. հուլիսի 5-ին որոշվում է Արցախի պատկանելության հարցը:
1920-2020