«Լացիոն» պայմանագիր է առաջարկել Դավիդ Սիլվային
10 տարի անգլիական «Մանչեսթեր Սիթիում» անցկացրած եւ ազատ գործակալի կարգավիճակ ստացած 34-ամյա իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան պայմանագրի առաջարկ է ստացել իտալական «Լացիոյից»։ Ֆուտբոլիստը գործնական ընթրիք է ունեցել հռոմեական ակումբի մարզական տնօրեն Իգլի Տարեի հետ, հաղորդում է Football Italia-ն։
Ավարտվող մրցաշրջանում Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, խփել 6 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
2010թ․ աշխարհի ու 2008թ․ և 2012թ․ Եվրոպայի չեմպիոն Սիլվան 2010 թվականին իսպանական «Վալենսիայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 28,7 միլիոն եվրոյով։ Այս ընթացքում նա դարձել է Անգլիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի հնգակի գավաթակիր։