Միրոսլավ Կլոզեն առաջին մարզումն է անցկացրել «Բավարիայի» գլխավոր թիմի հետ
«Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն, աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու (16 գոլ) Միրոսլավ Կլոզեն առաջին մարզումն է անցկացրել մյունխենյան ակումբի գլխավոր թիմի հետ։ Նա մեկ տարվա պայմանագիր է կնքել եւ «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի օգնական է։
«Անհամբեր սպասում էի այս վերադարձին։ Թիմին հայտնեցի, որ շատ բաց եմ իմ մարզչական աշխատանքում։ Ցանկանում եմ ակտիվ հաղորդակցության մեջ լինել ֆուտբոլիստների հետ։
Պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ հարձակվողների հետ աշխատանքին։ Բայց այդ ամենը դեռ պետք է քննարկենք Ֆլիկի հետ»,- Կլոզեի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Նախորդ երկու մրցաշրջաններում Կլոզեն «Բավարիայի» մինչեւ 17 տարեկանների թիմի գլխավոր մարզիչն էր։
42-ամյա Կլոզեն 2021 թվականին կստանա ՈւԵՖԱ-ի մարզչական Pro արտոնագիր: Կլոզեն «Բավարիայում» հանդես է եկել 2007-2011-ին, իսկ Գերմանիայի հավաքականում՝ 2001-2014-ին: