Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի հետ զրույցում Ս. Պողոսյանը հայտնել է, որ այս պահին հիվանդանոցում է:
«Ընտրություն եղավ, պարտվեցին, հիմա չեն հարմարվում, անընդհատ հրահրում են, քանի որ հայհոյանքն ապաքրեականացված է, իրենք իրենց համախոհներին հորդորում են, որ մեզ հայհոյեն: Անցած տարի սեպտեմբերին ընտրություն եղավ, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվեց, ընտրվեց ներկայիս գյուղապետը, հիմա նախկինների թիմակիցները պայքարում են մեր դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն։ Էսօր էլի սկսեցին հրահրել ու կռիվ սարքել»,- ասաց գյուղապետի տեղակալը, նշելով, այսօր կրկին հայհոյել են, սկսել են քարերով ջարդել իր ավտոմեքենան. «Մեքենաս դրանից հետո բերեցի կանգնեցրեցի գյուղապետարանի բակ, լրագրող էլ էր եկել գյուղ, էդ պահին խոսակցություն եղավ, էնտեղից արդեն մոտ 20 հոգի պատրաստված, տրուբեքով, ու բիտաներով հարձակվեցին ու ծեծեցին մեզ, էլ գլխի, էլ դեմքի ու ծնոտի կոտրվածք, մերոնցից մեկի թեւն էլ են կոտրել, իմ թեւն ա կոտրված, գլուխս ա վնասվել, կար են դրել, ախպորս ծնոտն են կոտրել, Համլետի գլուխն է երկու տեղից վնասվել, ուղարկել են Երեւան, բոլորը տրուբեքի հարվածների հետքեր են»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ծեծկռտուքի հետևանքով տուժել է ոչ միայն գյուղապետի տեղակալը, այլև մի քանի գյուղացիներ։