Պուտինը և Էրդողանը քննարկել են սրումը հայ-ադրբեջանական պետական սահմանին
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին սրման համատեքստում:
Վլադիմիր Պուտինը կարևորել է լարվածության աճը խթանող ցանկացած գործողության անթույլատրելիությունը:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ «երկու կողմերն էլ շահագրգռվածություն են հայտնել կոնֆլիկտային իրավիճակը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»:
«Նրանք պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը տարածաշրջանի կայունացման նպատակով: Ղեկավարները նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, այլընտրանք չունի»,- նշվում է հաղորդագրության մեջ: