Լուչեսկու․ Անհնար եմ համարում աշխատանքը թշնամական մթնոլորտում
Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում չորս օր առաջ նշանակված ռումինացի Միրչա Լուչեսկուն հաստատել է, որ հեռանում է ակումբից։
«Անհնար եմ համարում աշխատանքը թշնամական մթնոլորտում, առանց երկրպագուների աջակցության։ Ես ցանկանում էի վերադառնալ այն մրցակցությանը, որը կար մի քանի տարի առաջ։ Ես ցանկանում էի, որ երկրպագուները տրիբունաներում դարձյալ հիանային մրցակցությամբ։ Ուկրաինան արժանի է դրան։ Բայց ես չեմ կարող ընդունել, որ ֆանատները աշխատում են սեփական ակումբի դեմ»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է championat.com-ը՝ հղում անելով ռումինացի լրագրող Էմանուել Ռոշուին։
Հուլիսի 23-ին «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում Լուչեսկուի նշանակումից հետո կիեւյան ակումբի ֆանատների խմբավորումը հայտարարել էր, որ Դոնեցկի «Շախտյորը» 12 տարի գլխավորած մարզիչի նշանակումը հավասար է «թիմի բոլոր երկրպագուների վրա թքելուն»։