Այն ուսանողները, որոնք ունեն գիտելիք, բնականաբար առանց ուսման չեն մնալու. Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահ է՝ ինչ թեկնածու էլ Կառավարությունն առաջադրեր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, մեկ է՝ նրա շուրջ կլինեին տարբեր խոսակցություններ։
«Կառավարությունն ազատ է ներկայացնելու ցանկացած թեկնածուի, անձամբ այդ թեկնածուին չեմ ճանաչում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է Լ. Մակունցը։
168.am-ը Լիլիթ Մակունցից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի բուհեր չընդունված դիմորդների բողոքների հետ կապված, որոնք արդեն տևական ժամանակ բողոքում են՝ առհասարակ խնդրի լուծումն ինչպե՞ս է տեսնում։
Պատասխանելով, Լիլիթ Մակունցն ասել է, որ վերջերս ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը թեմայի առնչությամբ հանդիպում էր կազմակերպել, որին ներկա է եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը։
«Իմ ունեցած տեղեկության համաձայն՝ այն ուսանողները, որոնք ունեն գիտելիք, բնականաբար, նրանք առանց ուսման չեն մնալու և, բնականաբար, բարձրագույն կրթություն ստանալու են։ Անձամբ իմ մոտեցումը նույնպես այդպիսին է, որ, եթե ուսանողն ունի գիտելիքներ, այդ անձը պարզապես չի կարող բուհ չընդունվել։ Որքան հասկանում եմ՝ այստեղ առաջացել են նաև տեխնիկական հարցեր՝ գրանցման հետ կապված, և դիմորդներն իրենք են որոշել, որ, օրինակ, երկրորդ կամ այլ հայտով սովորել նաև այն մասնագիտությամբ, որը նշել են։ Այլ հարց է, որ դիմորդներն ունեցել են ակնկալիք, որ հենց առաջին հայտով կընդունվեն։ Կարծում եմ՝ այս խնդիրը, թնջուկը ԿԳՄՍ նախարարությունը կկարողանա լուծել, որով դիմորդները, որոնք ունեն գիտելիքներ, բուհից դուրս չեն մնա»,- նշեց Լիլիթ Մակունցը։
Խոսելով կրթության նոր չափորոշիչների մասին, Լ. Մակունցն ասաց, որ այդ նոր չափորոշիչների հարցը դեռևս աշխատանքային քննարկման փուլում է, հետևաբար՝ որոշումներ կայացնելու ժամանակ դեռ կա։