Իբրահիմովիչը 6 միլիոն եվրո է պահանջում «Միլանից», որը պատրաստ է վճարել 4 միլիոն
«Միլանը» ցանկանում է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ։ 38-ամյա շվեդ հարձակվողը պահանջում է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։ Իտալական ակումբը պատրաստ չէ 4 միլիոն եվրոյից ավելի վճարել, հաղորդում է gazetta.it-ը։
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին եւ տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսին համոզում են ընդունել Իբրահիմովիչի պայմանները եւ երկարաձգել համագործակցությունը։
Իբրահիմովիչը ձմռանն է վերադարձել «Միլան»։ Իտալիայի ընթացիկ առաջնության 16 խաղում նա խփել 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ օգոստոսի 31-ը։
Իբրահիմովիչն ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Լոս Անջելես Գելաքսիում»։