Գրողների խավը վերջին 30 տարում փող չի աշխատում, ստեղծագործում են զուտ կամավորական հիմունքներով
Հուլիսի 16-ին «Դարան- հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ «Նոր Դեկամերոն» պատմությունների մրցույթ, մրցանակաբաշխության ժամանակ «Ուրախ» անվանակարգում մրցանակը շահել է արձակագիր, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը «Բերդի Խրդոն կամ Համլետն իր կյանքում» պատմվածքով:
«Կար սպասում, որ տնակալման պայմաններում մարդիկ ավելի շատ կկարդան, և կար սպասում նաև, որ գուցե գրողները կարողանան ինչ-որ բան ասել այս իրադրության մասին: Մարդկանց պետք է նաև նոր իրադրությունում «սնուցել» ինչ-որ բանով՝ կլինի դա սփոփանք, նոր գաղափար, թե նոր մոտեցում կամ նոր հայացք… Ես աշխատում եմ մասնակցել բոլոր մրցույթներին, եթե համապատասխանում են իմ գրածները… Փող ոչ ոք չի տալիս առանց մրցութային համակարգերի: Բայց ավելի շատ ոչ թե փողի համար ես մասնակցում, այլ որ կարդան քո ստեղծագործությունը… Առանց մրցույթների դաշտը էլ ավելի մեռյալ կլիներ, ես ողջունում եմ նրանց ովքեր մրցույթներ են հայտարարում գրականության ասպարեզում»,- «Առաջին լրատվական»-ի հետ տեսակապի միջոցով զրույցում նշել է Գևորգ Տեր Գաբրիելյանը:
Գևորգ Տեր Գաբրիելյանը նաև մտահոգություն է հայտնել, որ գրողների խավը վերջին 30 տարում փող չի աշխատում. ստեղծագործում են կամավոր հիմունքներով:
Արձակագիրը կարևորել է նաև ստեղծված երկերի վերաբերյալ կարծիքների հրապարակումը՝ թե գրականագիտական, թե ընթերցողների. կարծիքները նպաստում են, որ տեղեկանաս ստեղծագործության գոյության մասին և ընթերցես: Մեր զրուցակցի խոսքով՝ գլխավոր ընթերցողը երիտասարդությունն է, պետք է խթանել, որ նրանք կիսվեն իրենց ընթերցած ստեղծագործության վերաբերյալ կարծիքներով:
Մանրամասն՝ տեսանյութում: