Էլթոն Ջոնից նրա նախկին կինը միլիոններ է պահանջում՝ ամուսնալուծության պայմանները խախտելու համար
Էլթոն Ջոնի նախկին կինը՝ Ռենատա Բլաուելը, բրիտանացի երգչին մեղադրում է ամուսնալուծության պայմանագիրը խախտելու մեջ և 3 միլիոն ֆունտ ստեռլինգ է պահանջում նրանից, հաղորդում է Sky News-ը:
Ռենատա Բլաուելն աստղի հետ ամուսնացած է եղել 4 տարի և պնդում է, որ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ Էլթոն Ջոնը խախտել է իրավաբանական համաձայնագիրը, որով արգելվում էր հրապարակայնորեն խոսել իրենց ամուսնության մասին: Քառամյա ամուսնությունը հիշատակվել է Էլթոն Ջոնի մասին պատմող «Ռոքեթմեն» կենսագրական ֆիլմում, ինչպես նաև Instagram-ի հրապարակումներում: Բացի այդ, Բլաուելին վշտացրել է այն փաստը, որ երգչի հուշերում տեղ գտած մի հատվածում նշվում է, որ նա չի ցանկացել համատեղ երեխաներ ունենալ: Կնոջ խոսքով, նրանք փորձել են երեխա ունենալ: Ռենատա Բլաուելը հայտարարել է, որ այդ տեղեկությունը խախտում է 1988թ.-ին ամուսնալուծության ժամանակ կնքված պայմանագիրը և ազդում է իր հոգեկան առողջության վրա:
Գերագույն դատարան ներկայացրած փաստաթղթերում Բլաուելի փաստաբանները նշել են, որ կինը ստիպված է եղել փոխել անունը և արտաքինը, ինչպես նաև թաքնվել հանրությունից: Էլթոն Ջոնի իրավաբանական թիմը պնդում է, որ ամուսնության մասին այս տեղեկությունները հայտնի էին նաև նախկինում, իսկ պայմանագիրը վերաբերում է միայն «գաղտնի հարցերին»:
Էլթոն Ջոնի ընկերները պնդում են, որ երգիչը ցնցված է Ռենատայի հայտարարությունից՝ խաղաղ ամուսնալուծությունից 30 տարի անց: Փաստաբանների թիմը հավելել է, որ զույգը տարիներ շարունակ նամակագրություն է պահպանել՝ առանց Ռենատայի հոգեկան հիվանդությունների մասին որևէ հիշատակման: