Չտեսնելով իր աչքի գերանը. Ադրբեջանի ԱԳՆ-ն իրավիճակի սրացման մեղքը դրել է Հայաստանի վրա
Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված լարվածության պատասխանատվությունը դրել է անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան համապատասխան հայտարարությունը կատարել է հուլիսի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստում Փաշինյանի ելույթի առիթով:
Նրա խոսքով՝ «այդ նիստում Փաշինյանի բարձրաձայնած կարծիքները բանակցային գործընթացին հասցված հերթական հարվածն են, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»: Եվ այնուհետեւ նույն ոգով:
Մինչդեռ «բանակցային գործընթացի վրա ազդեցության» առումով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ձեւով եւ բովանդությամբ անգամ չի կարելի համեմատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կատարած հայտարարությունների հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ում հասկանալի պատճառներով չեն լսում Ալիեւի շուրթերց հնչող մի ամբողջ ժողովրդի համար վիրավորական, արժանապատվությունը վիրավորող առոգանությամբ, պետության ղեկավարին ոչ արժանի հայտարարությունները: Նվազագույնը, որ կարելի է որպես անձամբ Ալիեւի կողմից քարոզվող հայատյացության օրինակ բերել՝ սեփական պաշտոնաներին եւ ընդդիմությանը հասցեագրած հանդիմանությունն է, որ նրանք «հայերից վատն են»: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: