Ամերիկյան կործանիչները հետապնդել են իրանական ուղևորատար օդանավին
Հինգշաբթի F-15 կործանիչը Սիրիայի երկնքում իրանական Mahan Air ավիաընկերության ուղեւորատար օդանավից անվտանգ հեռավորություն է պահպանել, ուղեկցումն իրականացրել է միջազգային ստանդարտները հաշվի առնելով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (ՍԵՆԹՔՈՄ) ներկայացուցիչ Բիլ Ուրբանը՝ ի պատասխան միջադեպը մեկնաբանելու խնդրանքին:
«Հենց F-15-ի օդաչուն թռչող սարքը նույնականացրել է որպես Mahan Air [ընկերության] ուղեւորատար օդանավ, F-15-ը բարեհաջող կերպով մեծացրել է օդանավից հեռավորությունը: Պրոֆեսիոնալ ուղեկցումը կատարվել է միջազգային ստանդարտներին համապատասխան»,- պնդել է նա: Ուրբանը խոսել է մեկ F-15 կործանիչի մասին, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուսն են եղել:
ՍԵՆԹՔՈՄ-ի ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան օդանավը հանձնարարություն է կատարել «Անխախտելի վճռականություն» գործողության շրջանակում, որը Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ երկրների խումբն անցկացնում է Էթ Թանֆ գոտու շրջանում, այնտեղ է գտնվում ամերիկյան ռազմաբազան: Կործանիչը «օդանավից հազար մետր անվտանգ հեռավորության վրա էր», երբ որոշել է համոզվել, որ դա ուղեւորատար օդանավ է: «Էթ Թանֆ բազայում կոլաիցիայի զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով կատարվել է [օդանավի] վիզուալ զննում»,- պարզաբանել է Ուրբանը:
Հինգշաբթի երեկոյան Fars գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի երկնքում երկու կործանիչ ընդհուպ մոտեցել են ուղեւորատար օդանավին: Օդանավն ուղեւորվում էր Լիբանան եւ հաջողությամբ վայրէջք է կատարել Բեյրութում, որտեղ լիցքավորվել է, այնուհետեւ վերադարձել Թեհրան: Օդանավի հարկադրական մանեւրումների հետեւանքով տուժել է 3 ուղեւոր, ինչպես նաեւ անձնակազմի մի քանի անդամ: