Հայկական ապրանքների դեմ ադրբեջանական ագրեսիայի երկրորդ ալիքը` ՌԴ-ում. թիրախում պահածոներն ու խմիչքներն են (Տեսանյութ)
Հայկական արտադրության պահածոները, հանքային ջուրը եւ ալկոհոլը հանեվել են «Տվոյ դոմ» առեւտրի կենտրոնների ցանցերից, ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Առավոտից մեզ դիմում են խոշոր հայ արտահանողները, նրանք պատմել են, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առեւտրի կենտրոնների ցանցից, որը պատկանում է Արազ Ագալարովին եւ այլոց հարեւան երկրից»,- ասել է նա:
Ըստ նրա՝ խոսքը պահածոների, ինչպես նաեւ հանքային ջրի եւ ալկոհոլի մասին է: «Ընդ որում, բոլոր խանութները լցվել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով: Սա արդեն սադրանք է, որն ուղղված է Ռուսաստանում առեւտրի կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետեւանքներով: Մեր տրամադրության տակ են հայկական ընկերությունների եւ դիլերների էլեկտորնային նամակագրությունները առեւտրի կենտրոնի մենեջերների հետ: Նրանք բացահայտորեն վկայակոչում են ղեկավարության ցուցումները, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման կասեցման մասին: Սա փաստ է: Ես այս մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին»,- ասել է Տողանյանը:
«Տվոյ դոմ»-ի հայ մատակարարների խնդիրների մասին իր ֆեյսբուքյան էջին հայտնել է նաեւ Export Armenia համայնքի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։
«Այսօր մեր առաքիչները մտել են ցանցի առեւտրի կենտրոններ իրենց արտադրանքը ցուցադրելու համար եւ հասկացել են, որ մեր արտադրանքը՝ մուրաբաներ, ջեմ, հյութեր, կոմպոտներ եւ պահածոյացված այլ ապրանքներ, դարակներին չեն: Եվ այդպես է եղել բոլոր վեց խանութներում. մենք եղել ենք բոլոր կետերում: Ապրանքները ոչ մի տեղ չկան, ոչ մի խանութում։ Մենք անմիջապես զանգահարեցինք բոլոր գործընկերներին, ովքեր հանքային ջուր, ալկոհոլ են վաճառում․ նրանք ասացին, որ իրենց մոտ նույն իրավիճակն է, բեռնատարները հետ են եկել, ապրանքները չեն ընդունվել: Այս ամենը սկսվեց շաբաթ օրը»,- ՌԲԿ-ին պատմեց «Արմտորգ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանը: Նրա ընկերությունը ցանցի հետ աշխատում է երեք տարի: Ըստ Բաբայանի՝ բոլոր դարակները, որոնց վրա նախկինում ցուցադրվում էր հայկական արտադրանքը, այժմ լցված են ադրբեջանական ապրանքներով:
«Կրոկուս գրուպ»-ում («Տվոյ դոմ» հիպերմարկետների ցանցի սեփականատեր) հրաժարվել են մեկնաբանություններից: Մինչդեռ, կան ահազանգեր այն մասին, որ բոլոր հայկական ապրանքները հանվել են «Կրոկուս» առեւտրի կենտրոններից, որոնք պատկանում են ադրբեջանցի գործարար Արազ Ագալարովին եւ փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:
Նշենք, որ օրերս ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի» շուկան հրաժարվել էր հայկական գյուղմթերքից: