Աթենքը, ի պատասխան Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ Թուրքիայի որոշման, մտադիր է աշխատանքային խումբ ստեղծել
Հունաստանի կառավարությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի գործողությունների միջազգային ծրագիր՝ ի պատասխան Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման, գրում է հունական Kathimerini թերթը:
Խումբը, որի մասին պայմանավորվել են Հունաստանի արտաքին գործերի եւ մշակույթի նախարարներ Նիկոս Դենդիասը եւ Լինա Մենդոնին, կձեւավորվի առաջիկա 10 օրվա ընթացքում եւ միջազգային կազմակերպություններում, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, կբարձրաձայնի պատմական վայրի վերաբերյալ մտահոգությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին հայտարարել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության տարածք հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։
Այս որոշումը դատապարտվեց միջազգայնորեն, հատկապես Հունաստանի կողմից, որը նամակ ուղարկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին՝ կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել: