Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, իրացման մեխանիզմը. 22 անձի մեղադրանք է առաջադրվել (Լուսանկար)
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» եւ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու եւ պահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցավոր շղթա, թմրամիջոցների իրացման մեխանիզմը:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի եւ մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաեւ` օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոց իրացրած, ձեռք բերած անձանցից 21-ի ինքնությունը: Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, ինչպես նաեւ՝ հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ եւ ակոսափող զենքից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 32 փամփուշտ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում հիշյալ հանցավոր շղթայում ընդգրկված առանձին խմբավորումներ իրացրել են ընդհանուր 1350 գրամ չոր քաշով «Հերոին» եւ 102 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:
Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել՝ ազգությամբ ազերի, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2020 թվականի հուլիսի 10-ին ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4865 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելուն օժանդակելը) 3-րդ մասի 2-րդ կետով, 267.1-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին կետով եւ 329-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ նշված 21 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը կազմակերպելը) 3-րդ մասի 2-րդ կետով եւ 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» եւ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու եւ պահելու համար, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 2-ը ներգրավվել են որպես մեղադրյալ եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 14 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի շրջանառության շղթայում ընդգրկված հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաեւ` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: