Մենք չենք կարող դառնալ Ալիևի ստեղծած ծուղակի պատանդը. Փաշինյանը` Անտոնիո Գուտերեշին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել են հակառակ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի շրջանում գլոբալ զինադադար հայտարարելու վերաբերյալ կոչին:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանն արել է հնարավոր ամեն բան՝ ռազմական գործողություններին վերջ տալու և իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումներին՝ վարչապետ Փաշինյանը հավելել է, որ այս շրջանում ականատես ենք լինում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրարամերժ հայտարարությունների և գործողությունների։
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ներքին ծանր իրավիճակ է: Բայց մենք չենք կարող դառնալ նախագահ Ալիևի ստեղծած ծուղակի պատանդը: Տարիներ շարունակ հայերի նկատմամբ սփռած ատելությունն ու պատերազմի սպառնալիքը ստեղծել էին ռազմական գերազանցության պատրանք, որն այժմ հօդս է ցնդում: Մենք վստահ չենք՝ արդոք Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու և սադրիչ հռետորաբանությունը կանխելու կարողություն կամ ցանկություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը և տվյալ հարցում գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացումը:
«Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն մերժեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի, որ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք»,- ասել է ՀՀ առաջնորդը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով՝ ընդգծելով լարվածության թուլացման ուղղությամբ անհապաղ քայլերի ձեռնարկման կարևորությունը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: