Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դեռ կարող է վատթարանալ
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածման շուրջ իրավիճակը դեռ կարող է վատթարանալ: Սպիտակ տանը կայացած լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին խոստովանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր երկրի որոշ հատվածներում գործերը շատ լավ են, մյուսներում՝ ավելի վատ: Ցավոք, սա, հավանաբար, կվատթարանա, մինչեւ սկսի բարելավվել: Ինձ համար տհաճ է այս մասին խոսելը, բայց իրողություններն այդպիսին են: Մեզ մոտ այդպես է: Նայեք ընդհանրապես աշխարհին, այդպես է ամբողջ աշխարհում»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում համավարակի դեմ պայքարի ընթացքը:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ում գրանցվող նոր կորոնավիրուսով վարակակիրների թվի աճը այս փուլում հիմնականում «արեւային գոտու» նահանգներում է: Խոսքը երկրի հարավային շրջանների մասին է: Սակայն ինֆեկցիան, «հնարավոր է, տարածվում է» նաեւ այս տարածաշրջանի սահմաններից դուրս, հստակեցրել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:
Նրա խոսքով՝ իշխանության գործադիր թեւը ակտիվորեն աշխատում է ԱՄՆ Կոնգրեսի հետ «օգնության հաջորդ փաթեթի» պատրաստման շուրջ՝ մեղմելու համար երկրում նոր կորոնավիրուսի բացասական տնտեսական հետեւանքները: «Մենք [այս հարցում] մեծ առաջընթաց ունենք: Երկու կողմն էլ ցանկանում է լուծել այս խնդիրը»,- հավաստիացրել է Թրամփը:
Դրանից բացի, նա փաստացի համաձայնվել է հարցի այն դրվածքի հետ, որ նոյեմբերին առաջիկա նախագահական ընտրություններում ԱՄՆ բնակչությունը քվեարկելու է գնահատելով նաեւ համավարակի դեմ պայքարում ամերիկյան վարչակազմի ջանքերը: «սա մյուս բաների շարքում է»,- ասել է Թրամփը, որը պայքարում է վերընտրվելու համար:
Թրամփը երկրի բոլոր բնակիչներին կոչ է արել պաշտպանական դիմակներ կրել այն դեպքերում, երբ անհնար է սոցիալական հեռավորության պահպանումը: «Մենք բոլորին խնդրում ենք՝ երբ չեք կարող պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակը դրեք, կարեւեր չէ՝ այն ձեզ դուրս է գալիս, թե ոչ, դրանք արդյունավետ են»,- ասել է նա:
Մի քանի րոպե հետո, երբ լրագրողներից մեկը Թրամփին հարցրել է՝ ինչու ինքը, դիմակի կրումը համարելով հայրենասիրության դրսեւորում, ավելի հաճախ չի դնում: Ի պատասխան՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ինքը դիմակն իր մոտ է պահում եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում դրանից օգտվել: Որպես ապացույց՝ նա իր պիջակի գրպանից հանել է դիմակը՝ այն ցուցադրելով հավաքվածներին: «Ես այն ուրախությամբ կօգտագործեմ, դրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Եթե դուք կարող եք, դիմակն օգտագործեք՝ եթե միմյանց մոտիկ եք, եթե մարդկանց խմբի մեջ եք, ես այն կդնեի»,- հավաստիացրել է ԱՄՆ նախագահը: «Ես կրում եմ, ես այն դնում եմ, դուք բազմիցս ինձ տեսել եք այն կրելիս, ես կշարունակեմ»,- հավելել է նա:
ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ համավարակի լույսի ներքո երկրում կանոն մտցնել, որի համաձայն բոլոր բնակիչները պետք է պաշտպանական դիմակներ կրեն: Նա նշել է, որ դիմակների կրումն օգտակար է, չնայած կարող է ունենալ նաեւ որոշ բացասական հետեւանքներ: Երկուշաբթի նա իր Twitter-յան էջում նշել էր, որ պաշտպանական դիմակի կրումը համարում է հայրենասիրության դրսեւորում:
Թրամփը հուլիսի 12-ին Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ առաջին անգամ դիմակով էր հայտնվել հանրության առջեւ: Դրանից առաջ նա բազմիցս քննադատության էր արժանացել քաղաքական ընդդիմախոսների կողմից, որոնք հայտարարում էին, որ նա վատ օրինակ է ծառայում համաքաղաքացիների համար՝ առանց դիմակի հայտնվելով հասարակական միջոցառումներին: Հուլիսի սկզբին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել էր, որ պաշտպանիչ դիմակով նա նման է «Միայնակ ռենջեր» կատակերգական վեսթերնի հերոսին, ով սեւ դիմակ էր կրում։
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում ամերիկյան իշխանությունների, ԱՀԿ-ի եւ այլ պաշտոնական աղբյուրների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման մոտ 3․9 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 141 հազար մարդ: