Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին․ Գարեգին Բ-ն այցելել է զինվորական հոսպիտալ
Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։
ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ և հոսպիտալի ղեկավարության առաջնորդությամբ Նորին Սրբությունը եղավ տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներում՝ հայրապետական իր օրհնությունն ու շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները բերելով մերօրյա հերոս զինվորներին։
Իր աղոթքը հնչեցնելով յուրաքանչյուր զորականի բժշկության համար՝ Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց հայորդյաց քաջարի ոգին, որի շնորհիվ մեր ժողովուրդը ապրում է խաղաղության մեջ, ապահովության զգացումով։
«․․․Մեր խոնարհումն ենք բերում ձեզ։ Ձեր սխրագործությունները պիտի հիշվեն մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում։ Ձեր սխրագործություններով սերունդներ պիտի կրթվեն ու դաստիարակվեն։ Այդ սերունդներն են, որ պիտի հասակ առնեն նույն ոգով, նվիրումով և նույն հանձնառության գիտակցությամբ պիտի իրենց ծառայությունը բերեն մեր Հայրենիքին։ Ինչպես այսօր դուք, նաև ապագա սերունդները պիտի գիտակցեն, որ Հայրենիքն է մեր ուժը, զորությունն ու գոյության երաշխիքը», - ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Աստծո Աջի հովանին Հայոց բանակին, սպայական կազմին և զինվորներին, որպեսզի շարունակեն իրենց քաջագործություններով հպարտություն պարգևել մեր ժողովրդին։
Վեհափառ Հայրապետը նաև հավելեց, որ Հայոց Եկեղեցին և ողջ ժողովուրդն այսօր աղոթքով զորավիգ ու աջակից է հայրենյաց պաշտպաններին։ «Այդ բարձր գնահատանքի, երախտագիտության զգացումը ունի ոչ միայն հայրենաբնակ մեր ժողովուրդը, այլև սփյուռքի հայությունը։ Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին՝ դուք սահմանի վրա, նրանք իրենց բնակության վայրերում։ Դուք նոր ոգի ներշնչեցիք մեր ժողովրդին, հաղթության ոգի և ձեր առ հայրենին սերը վստահաբար ոգևորում և խանդավառում է յուրաքանչյուր հայորդու», - ասաց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը։
Հայրապետը բոլորին ընծայեց Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյան և մանրանկարներով տերունական խաչեր։
Այցի ընթացքում Նորին Սրբությունը զրույց ունեցավ հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած կարևոր ծառայության, նվիրումի և մեծ ջանքերի համար ի նպաստ զինծառայողների առողջության վերականգնման։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև այցելեց կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մատուռ, ուր աղոթք բարձրացրեց հայրենի երկրի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։