Ռուս տնտեսագետին գումար են առաջարկել մեկնաբանության համար, որ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել Ադրբեջանի հետ
Ռուսաստանցի տնտեսագետ Միխայիլ Դելյագինին գումար ռն առաջարկվել մեկնաբանության համար, որ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով դրա նավթային հանքերը: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:
«Ռուսական ԶԼՄ-ները, որոնց հետ ես արդեն մեկուկես տարի չեմ խոսել (իրենց ապուշ մակարդակի պատճառով), զանգահարում եւ առաջարկում են իմ նշած գումարի դիմաց մեկնաբանություն տալ իրենց այն մասին, որ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով դրա նավթային հանքերը։ Իմ քաղաքավարի հարցին՝ թե ինչու՞ Հայաստանը (քանի որ փետրվարին միանշանակ Ադրբեջանն էր սկսել եւ թուրքական ականջները հաստատ կախված չեն հայկական գլխարկի տակից) եւ կոնֆլիկտի գոտու կոնկրետ որ հատվածում են գտնվում ադրբեջանական նավթային հանքերը (ինձ հետաքրքիր է․ ժամանակին ես ինչ-որ չափով աշխարհագրություն գիտեի), իբր մոսկովյան ԶԼՄ-ի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանում է. «Դե, պարզապես դա է Բաքվի դիրքորոշումը»:
Այսինքն, եթե վաղը Բաքվի դիրքորոշումը հանկարծ կայանա նրանում, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են կազմակերպել, մոսկովյան ԶԼՄ-ները գումարի դիմաց ուրախությամբ դա հաստատող մեկնաբանություններ կհավաքեն։
Ժամանակը չէ՞ մաքրել լրատվամիջոցների դաշտը։
Եվ, իհարկե, կնայենք, թե լրագրողներից եւ փորձագետներից ո՞վ է փող վերցրել))»,- նշել է նա: