«Ոչ պատերազմին». Ախալքալաքում տեղի ունեցավ ակցիա ի աջակցություն Հայաստանի (Լուսանկարներ)
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են ակցիաներ ի աջակցություն Հայաստանի, հաղորդում են Aliq.ge-ն ու Jnews.ge-ն:
Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ բազմամարդ խաղաղ ցույց, որի ընթացքում ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին եւ նշեցին, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է:
Ակցիայի գլխավոր կարգախոսը «Ոչ պատերազմին» է, որով ջավախահայերը հայտնում են իրենց վերաբերմունքը վերջին օրերին զարգացած իրադարձությունների վերաբերյալ:
Ակցիայի մասնակիցները իրենց վրդովմունքը հայտնեցին նաեւ օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից վրաց-ադրբեջանական սահմանին անկցացրած ակցիայի վերաբերյալ: Այս քայլը ակցիայի մասնակիցները որակեցին որպես սադրանք եւ հույս հայտնեցին, որ Վրաստանում այսուհետ տեղի չեն ունենա նմանատիպ միջադեպեր եւ չի հրահրվի ազգամիջյան ընդհարում:
Նրանց խոսքով՝ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները հանգիստ եւ խաղաղ ապրում են եւ փոխհարաբերությունները փչացնելու կարիք չկա, իսկ նրանք, որոնք ձգտում են սադրանքների եւ պատերազմական գործողությունների, կարող են գնալ պատերազմի դաշտ:
Ակցիան տեւեց մոտավորապես 1 ժամ, ինչից հետո մասնակիցները քոչարի պարեցին Ախալքալաքի մարզադաշտում: