Լեմպարդ․ Հպարտանում եմ իմ խաղացողներով, որոնք ցույց տվեցին բնավորություն
Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։
«Հպարտանում եմ իմ խաղացողներով, որոնք դրսեւորեցին անհատական վարպետություն եւ ցույց տվեցին բնավորություն։ Պետք է օգտագործենք այս լիցքը առաջիկա հանդիպումներում հաղթելու համար։
Մենք խաղացինք մի դասավորությամբ, որը վաղուց չէինք օգտագործել։ Ինձ զարմացրեց, թե ինչքան հեշտ ֆուտբոլիստները հարմարվեցին։ Խաղադաշտում տեսա մարզչական շտաբի բոլոր ցուցումները։
Առաջնությունում մեզ սպասվում է երկու եզրափակիչ»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։
Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը կլինի «Արսենալը», որը 2։0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։