Իրանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2414 նոր դեպք է գրանցվել
Իրանում մեկ օրվա ընթացքում մոտ 220 մարդ է մահացել կորոնավիրուսից, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքն է տանում, որը սկսվել է հունիսի կեսերին: Նա նաեւ հավելել է, որ առաջիկա ամիսներին մինչեւ 35 միլիոն իրանցի կարող է վարակվել կորոնավիրուսով, իսկ մինչ այդ երկրում 25 միլիոն մարդ կարող էր բախվել վարակին։
IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2414 նոր դեպք, մահացել է 217 մարդ:
Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին COVID-19-ի հայտնաբերման մասին, հասել է 276.202-ի, զոհերի թիվը՝ 14.405-ի: Ընդ որում, այս պահին առողջացածների թիվը հասել է առնվազն 240.087-ի:
Հուլիսի սկզբից Իրանը երեք անգամ թարմացրել է զոհերի օրական ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9-ին, երբ իշխանությունները հայտնել էին 221 մարդու մահվան մասին:
Համաճարակաբանական իրավիճակի վատթարացման կապակցությամբ իշխանությունները հուլիսի 5-ից սկսած դիմակներ կրելու պարտադիր ռեժիմ էին սահմանել երկրի անբարենպաստ հատվածներում, հասարակական եւ փակ վայրերում: